որ նույնպես, լքանելով յուրյանց երկիրը, ձեռք են զարկում վաճառականության, պանդխտանալով օտար աշխարհում։ Նոցա կյանքի շավիղի վերա ևս չկան ծաղիկներ և վարդեր, ամենայն քայլափոխ փո՜ւշ և տատա՜սկ։ Եվ այնտեղ, ուր մարդը պատերազմ ունի չքավորության հետ, որ չգիտե թե վաղը ինչո՞վ պիտի կերակրվի կամ ի՞նչպես պիտի դարմանե յուր ընտանիքը, ո՞ւր կմնան վերհամբարձ հասկացողությանց և բարոյական կատարելությանց հասնելու ձգտողությունքը։
Նա, բոլորովին մեքենայացած, մանում է յուր կյանքի թելը, նորան չէ գգվում մի հրապուրիչ հույս, նա չէ տեսնում յուր ապագայի հորիզոնի վերա մի երջանկության աստղ, նորա ներկան և ապագան խավար է։ Նա տանում է յուր կյանքի ծանր խաչը, մինչև որ մի նյութեղեն խաչ տնկվի նորա գերեզմանի վերա։
— Իսկ նորա ընտանի՞քը։
— Այժմ կենդանի մարդիկ չկամին հոգալ և արմատականապես բարվոքել յուրյանց կյանքը, յուրյանց ընտանիքի ապագան, մեռածը պիտի հոգա։
Նորա ընտանիքին սպասում է նույն թշվառությունը, ինչ որ վերևում ասացինք։ Նորա պատանի կամ մանուկ որդին, շատ անգամ, տասներկու-տասնևինգ տարեկան, հարկադրվում է թողուլ դպրոցը և գնալ ծառայության, որ մի քանի ժամանակից հետո օգնություն կարողանա հասուցանել յուր մորը կամ յուր քույրերին։
— Քույրե՞ր ևս ունի։
— Այո՛, երկու կամ երեք հատ։
Մեք հրաժարվում ենք այս թշվառությանց պատկերները նկարագրելուց։ Նոցա ահարկու կերպարանքը սարսափ են բերում մեր վերա։ Այն մարդը, որի մեջ կա մի թարմ սիրտ, մի մարդկային կենդանի զգացողություն, ինքը կարող է զգալ մնացածը, իսկ չորաբեկ և քարացած սրտերի համար բանականության ձայնը՝ հողմոց հնչյունք։ Ահա և այս տունը մարեցավ, սա ևս դուրս ընկավ հասարակաց շինվածքից։
Ի՞նչ կլինի այն շինվածքի վիճակը, եթե նորան կազմող մասերը օրըստօրե ընկնին, և մնացողը ևս առ վաղիվ հարատևելու չկարողանա երաշխավորել։
Այն, ինչ որ պատկերացնում է այժմ մեր խեղճ ազգի վիճակը։ Ի՛նչ տեղ, ուրեմն, որոնենք փրկության հնարը, ո՞րն է այս ցավերից ազատվելու ճանապարհը, որպեսզի ազգը չմեռանի և մանավանդ ազատվի, երբ հասանե Թուրքիայի դրամական կյանքի վճռական վախճանը։