Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնասով ևս վաճառել այս անգամ, հետո, կբարձրացնեմ գինը, և կլրանա պակասորդը»։

Կլրանրա... Մյուս կողմից, այն մարդիկը, որ պարտական էին նորան, չեն վճարում յուրյանը պարտքը, առևտուրը ընկած է, ոսկին կրկին արժեքի բարձրացած, և ահա, երկրորդ, երրորդ և մյուս վճարները հետզհետե, մահի պես։ Ի՛նչ եղավ հետևանքը։ Մանր վաճառականը բոլոր ժամանակ աշխատեցավ յուրյան ապրանք տվողի օգտի համար. և ոչ միայն այսչափ, այլ առևտուր սկսելու ժամանակ նորա մեջ բերած գումարը ևս հալեցավ, բոլոր ձեռքի ապրանքը պարտքի փոխանակ տալուց հետո, դեռևս պարտական մնաց. և առանց ամենայն հնարի, որ անհրաժեշտ է ապրուստի համար։

Ո՛ւր գնա այժմ այն վաճառականը, ի՛նչ գործե։ Հավատարմությունը ընկած է, ոչ ոք ապրանք կամ դրամ չէ տալիս նորան, և եթե տային ևս, հարյուրին իննսուն անօգուտ. քանզի նույն գործողությունը, ինչ որ անցավ առաջին անգամ, պիտի կրկնվի անշուշտ, որովհետև նույն հանգամանքների ազդեցության տակ է նա, և գործը հիմք չունի: Ի՛նչ գործե, ուրեմն, այդ վաճառականը։ Մնում է նորան իբրև վարձկան ծառայել ուրիշի մոտ, բայց այս հեշտ բան չէ. նա ևս մարդ է, զգացմունք ունի։ Նա, մինչդեռ ինքը ուներ մի փոքր գործ, յուր անձը զգում էր ազատ, գո՛նե որևիցե պարոնի անմիջական հրամաններից, թեև կատարելապես անկախ չէր, և նա երբեք չէ մտածել այդ մասին, որովհետև գիտեր, թե որոնց որ պարտք ունի, կախվում է նոցանից, և թե մի անհաջող վայրկենում կարող են նոքա ճմլել նորան։ Բայց, չնայելով այս բոլորի վերա, կախողությունը ամենայն ժամանակ զգալի չէր, մանավանդ, եթե գործերը մի փոքր հաջող էին. իսկ այժմ, դրամական կամ առևտրական նավաբեկութենից հետո, հարկը ստիպում է նորան՝ երթալ ենթակայանալ մի կոպիտ հարաբերության, որ լինում է պարոնի և ծառայի մեջ, տանել այն բոլոր անախորժությանց և հանդիմանությանց, արհամարհոտ և խեթ հայացքների, որոնցով առատորեն վարձատրվում է մի խեղճ ծառա մի անտաշ և տմարդի պարոնի մոտ։

Թերևս, եթե վաճառականին հանդիպեցավ այս կատաստրոֆը՝ երիտասարդության ժամանակ, դնենք, թե ատամները սեղմելով, սև ճակատագրին հնազանդվելով ընդունեց այս խաչը. բայց այն հիսուն-վաթսուն տարեկան մարդը, ընտանիքի և զավակների տեր, որոնց գարմանելու համար ոչ մի պարոն չէ կարող տալ նորան բավական վարձ, թողունք և այս, ի՞նչպես երթա նորինորո ծառա դառնա այդ հասակում։

Բայց այստեղ ընտրություն չկա և հրաժեշտ չէ կարելի տալ, քանզի