հարձակում և ամեն պաշտպանություն այս հավասարակշռի անունով հառաջացավ։
— Բայց կշռի արդարության քննի՞չը։
— Քեզ ի՞նչ փույթ։
Եվ այն օրից, երբ կառավարությունքը յուրյանց ընթացքը արդարացնելու համար և յուրյանց բռնած ճանապարհը ամբոխի աչքից ծածկելու խորամանկությամբ, գրեցին յուրյանց դրոշակի վերա հավասարակշիռը և իրավունքը, այն րոպեից, ասում ենք, ազգությունը դարձավ կառավարությանց հալածող ուրվականը։ Եթե հավասարակշիռ և իրավունք կա տերությանց մեջ, ուրեմն նույն կշիռը և նույն իրավունքը պիտի լինի տերությանց և նոցա ստրկացած ազգերի մեջ։ Դու կամենում ես քո հավասարակշիռը պահել, և այն, իրավունքի անունով, բայց ինձ, որ բնավին օտար եմ քեզ և ամենևին վերաբերություն չունիմ քո հետ, ի՛նչ պատճառով, հակառակ իմ կամքին, առնում ես և բռնությամբ դնում ես քո կշռի թաթի մեջ։ Ուրիշ տերությանց հետ խոսում ես իրավունքի անունով, իսկ իմ վերաբերությամբ ինչի՞ համար ոտքի տակ ես կոխում նորան և անիրավում ես չարաչար։
Այսօր, ճնշված մարդերի համար, ազգությունն է նոցա միակ դրոշը, որ կարող է բացվիլ բռնակալության ընդդեմ։ Ազգությունն է միակ հընարը դեմ դնելու նաև լուսավոր բռնակալության, եթե միայն բռնակալությունը կարող է լուսավորվիլ կամ լուսավորվելուց հետո հարատեվել իբրև բռնակալություն, — կրկնում ենք, մեր դարու երևելի մտածողներից մինի հետ։
Գանք այժմ պարզելու մեր ունեցած հայացքը ազգության վերա, որպեսզի հակառակախոս չերևինք մեր նեղսիրտի առջև։
Վնասակար և անիրավ է այնպիսի ազգությունը, որ ամեն ուրիշ զհում է յուր կյանքին․ ազգություն չէ այն, այլ կույր ֆանատիկոսություն, որ հիմք չունի և կիրքի բնավորությամբ երևում է մարդու մեջ։ Այդպիսի ազգությունը որչափ ևս կատաղի լինի, որչափ ևս մոլեգնի, ի վերա այսր ամենայնի ժամանակը կմաշե նորան, որովհետև մի կիրք կարող է տեղի տալ մյուս կիրքերի, որ հանգամանքը կարող են ծնուցանել։ Ազգությունը հարկավոր է և օգտակար այն ժամանակ, երբ նա չէ բորբոքվում իբրև մի րոպեական կայծ, իբրև պատահական և հանգամանքներից կախված մի բան, այլ, երբ, որպես հետևանք հասուն գիտակցության, հանդես է գալիս այրական հաստատակամությամբ, պահանջում է ուրիշների հավասար իրավունք և ոչինչ չէ խնդրում ավելի։ Ազգությունը օգտակար է և հարկավոր այն ժամանակ, երբ զգալի է ոչ որպես մի բարոյական շը-