Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռայլություն, այլ որպես կարիք, որպես իրավունք, որպես բողոք երկրագունդի վերա մի կտոր հող ձեռք բերելու համար, որպեսզի այդ ազգության անդամքը ապահովեն յուրյանց ապրուստը, որպեսզի գերի և ըստրուկ չլինին ուրիշին։ Ազգությունը անմեղադրելի է և ամենայն ընդունելության արժանի, եթե նա խոստովանի մյուս ուրիշ ազգությունքը անխըտիր, նույնպիսի իրավանց ժառանգ, որպիսի ստացել է ինքը։ Ազդգությունը անմեղադրելի է և տոնելի իսկ, եթե նա ընդհանուր մարդկության գործը թեթևացնել աշխատի՝ յուր հավաքական անձնավորության անունով իրավունք ձեռք բերելով, և նույն իրավունքը և արտոնությունքը, հավասարապես, յուր անդամներին բաշխելով։

Եթե ազգության ներքին և էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը, անհիմն է այդ ազգությունը, սո՛ւտ է այդ ազգությունը, և նա կկործանվի։ Տնտեսական խնդիրն է այն զորությունը, որ մի փոքր հառաջ խոստացանք անվանել, նա է այն միակ և հաստատ ուժը, որ ազգի անձնավորության մեջ ներգործելով, հավասարակշիռ է պահում արտաքին ուժերի ընդդեմ, որով և ազգությունը ապրում է։ Դու հազար տարի քարոզե ինձ քո վերացական ազգությունը, ես միշտ չպիտի հասկնամ։ Դու ինձ ասում ես, պահենք մեր ազգությունը, մեր լեզուն, մեր ավանդությունքը և այլն, և այլն, շա՛տ բարի, պատասխանում եմ ես, բայց ասա՛ խնդրեմ, ի՛նչ բանի համար պահենք, ի՛նչ է պահելու օգուտը և ի՛նչ է կորուսանելու վնասը։ Վերացական ազգությունը, որ մինչև այժմ փոքր ի շատե քարոզվել է հայոց ազգի մեջ, չէ կարող պատասխանել սորան։ Եվ այս է պատճառը, որ ծանր է այդ առաքելության ընթացքը։ Չոր-չոր ազգություն քարոզել առանց մեկնելու քո քարոզության պատճառները, ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆանատիկոսություն, և այդ տեսակ քարոզությունը երբեք չէ կարող արմատ արձակել մի ժողովուրդի մեջ, որ, վերացականից հառաջ, ամենայն րոպե զարկվում է իրական կարիքների հետ։ Ւսկ երբ դու ասես ինձ, պահի՛ր քո ազգությունը, հաստա՛տ կացիր քո սիրու մեջ դեպի քո աշխարհը, սիրի՛ր քո եղբարքը, պահ՛ր քո լեզուն, որ է քո ազգության դրոշը և այդ բոլորը քեզ իրավունք կտան մի կտոր հող ձեռք բերելու, որով կազատվիս ստրկութենից և աղքատութենից, այն ժամանակ ես կհասկնամ քո խոսքը, և ընդհանուրի շահի մեջ և իմ սեփական շահը տեսանելով կաշխատիմ ամենայն զորությամբ։ Այն ժամանակ ես կհետևիմ քո ձայնին, որովհետև նա ավետարանում է ինձ փրկություն, ազգության անունով։

Եվ քաղաքական նավաբեկութենից ապրած մարդիկ, եթե հասկանում են ազգությունը մի ամբողջություն, որ երբեմն կար, և որի դարավոր