Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոշով ծածկված հիշատակարանների վերա բաբախում է նոցա կուրծքը, եթե նոցա, ազգության հասկացողությունը, յուր սկիզբը առնում է անցածի խայտաճամուկ ավանդութեններից և չէ հիմնվում ուղղակի ներկա սերունդի և ներկա պայմանների վերա, եթե նոքա մտածում են երևեցնել յուրյանց ազգությունը այն շրջանակի մեջ, ինչպես էր հառաջ, այն ժամանակ, այդ ազգությունը կմնա միշտ իբրև մի ամուլ գաղափար, որ հետ չէ մնում բարոյական Չինաստանից:

Ժամանակը մի անգամ է անցնում, և նա, որ ընթացակից չէ նորան, հետ է մնում: Մեք կարող ենք բռնել ժամանակի այն ակնթարթը միայն, որ անցնում է մեր առջևից. իսկ երբ նա անցել է, անօգուտ է այլևս։ Նա, իբրև օրինակ, միայն, իբրև խրատ, կարող է երևել մեզ հեռվից. ներկա կյանքը նորա հետ վերաբերություն չունի, ըստ որում անցածը չէ ապ֊ րում այլևս։

Այսօր, եթե մի ժողովուրդ ստրուկ է, եթե նա հող չունի և եթե հաջողի նորան հող ձեռք բերել, իրավունքը և ժամանակը պահանջում են տնօրինել այնպես, ինչպես ցույց է տալիս ներկա հարկը, ինչպես ցույց է տալիս բանականությունը. և ոչ այնպես, ինչպես հին օրերից մնացած, ավանդական կառավարությունքը տնօրինել են մինչև այժմ, այսինքն, տերության կամ ազնվականության սեփականելով հողը և հասարակ ժողովուրդը զրկելով իրավունքից։ Վերջին դիպվածում ազգությունը ազատություն չէ ժողովրդին. նա փոխում է միայն նորա լուծը. մեք դրականապես թշնամի՛ ենք այդպիսի ազգության, ինչպես թշնա՛մի ենք բռնակալության, ո՛ւր կամ ինչ կերպով որ հայտնվի։ Գիտենք, կան մարդիկ, և մեր իսկ սիրելի բարեկամների մեջ, որ պիտի ասեն՝ թո՛ղ միանգամ ձեռք բերվի հողը, թո՛ղ ինչպես կամի լինի սկզբնական կառավարությունը և տնօրենությունը, հետո կուղղվի, կնորոգվի և այլն և այլն։

Չ՛է, այս տղայություն է. այս տեսակ ուղղագործությունքը և վերանորոգությունքը հեշտ բաներ չեն, և, համարձակ կարելի է ասել, նոր ի նորո ձեռք բերելուց ավելի դժվար։ Ուրիշների փորձերից, որ փորձողներին արժում են արյան ծովեր և որ բոլորովին ձրի ներկայանում են մեզ, իբրև օրինակ, հարկ է, որ խրատվինք և չերթանք այն ծուռ ճանապարհը, որից և գնացողը կամի հետ դառնալ, բայց ոտքը սայթաքում է։ Եվ ի՛նչ Խնլք է, կատարելությունը տեսնելուց հետո, անկատարին հետևիլ, միմիայն այն պատճառով, որ անկատարը ժամանակով հառաջ է, քան թե կատարյալը։

Այս օրենքը չունի ոչինչ ամրություն, չունի հետևականություն։ Այս

91