Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այստեղ դարձյալ երևում է բռնակալական ոգին, այստեղ դարձյալ կոպիտ կերպով նշանվում է մինի ուժը, իսկ մյուսի տկարությունը։ Մի մարդ, տեսանելով, որ մյուսը մեռնում է սովից, որպես թե ասեր նորան, — Տե՛ս, ահա մեոնում ես, քո կյանքը կախվում է այժմ ինձանից, այսինքն՝ իմ քեզ հաց տալուց կամ չտալուց. բայց ես զոհում եմ քեզ այս կտոր հացը, քո կյանքըհ հարատևել տալու համար։ Դորա փոխանակ դու պիտի զգաս, որ ես եմ քո ազատիչը...

Թշվա՛ռ... Հառաջ քան թե փրկեցիր նորա կյանքը՝ ոտքիդ տակ կոխեցիր նորա իրավունքը և նորա մարդկային արժանավորությունը: Դու դադարեցար մարդ լինելուց, որովհետև ինչ որ ուղղակի քո մարդկային պարտքն էր, այն զոհի անունով գործեցիր, վշտացուցիր քո ընկերի ամենասուրբ և նվիրական զգացողությունքը, որովհետև քո անձը տեր քարոզեցիր նորա կյանքին։

Հազար կյանք փրկե դու այդ ճանապարհով, թող պաշտոնական բարոյականք կնդրուկ ծխեն քեզ, մեր աչքում դու ամբարիշտ ես։

Եվ ի՞նչպես չդառնաս, դարձյալ, դեպի տնտեսական խնդիրը, որ եթե կարգի դրված լիներ, այս խեղճ մարդը յուր կյանքը, իբրև շնորհք, չպիտի ստանար բռնակալ֊բարերարից։

Միստիկները չկամին այս տեսնել, նոքա վերացականություն են խնդրում, նոքա այնքան բարձր կանգնած են, որ մարդը հող և մոխիր է նոցա առջև*։

Բռնակալները սեփականություն են պահանջում, նոքա կենտրոնացած են յուրյանց մեջ. յուրյանց գոյությունը քարոզում են ուրիշներին իբրև հավատալիք, իսկ այդ ուրիշների գոյության վերա թքում են լրբաբար։ -Ի՞նչ է մնում այն մարդերին, որ ոչ միստիկ են և ոչ բռնակալ։ Ի՞նչ է մնում մեզ։ Քարոզել տնտեսական խնդիրը, քարոզել մարդը, քարոզել ազգությունը, միստիկներին գայթակղություն և բռնակալներին սահմանադրություն, իսկ հասարակ Ժողովրդին փրկություն:

Արդյոք մարդութենից ելած չե՞ն... Ծ. Հ.։