Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

54. ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՍՎԱՃՅԱՆԻՆ

30 դեկտ. 1860
11 հունվ. 1861 Նեապոլիս

ԱՐԳՈ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Պ. Հ. ՍՎԱՃՅԱՆ

Մրրիկը չթողեց ինձ ուղղակի նավել դեպի Մարսեյլ՝ հարկադրվեցա ոտք կոխել Սիկիլիա կղզին։ Երբ մեր շոգենավը մոտեցավ ծովեզրին, Մեսսինայի նավահանգստում կանգնած էր մի ահագին բազմություն աշխույժ երիտասարդների, որոնց կարմիր շապիկը վկայում էր, թե պատկանում են իտալական Հերոսին՝ Գառիբայլդիու բանակին։ Այդ վառվռուն երիտասարդների դեմքի վերա գծագրված էր ուրախություն և խղճի հանգստություն. նոցա ճակատը փայլում էր արժանավոր պարծանքով։

Կեցցե՜ Իտալիա, կեցցե՜ Գառիբայլդի, անլուռ աղաղակում է հասարակ ժողովուրդը. կեցցե՜ Իտալիա, կեցցե՜ Վիկտոր էմմանուել, գոչում են քաղաքացիք, այսինքն միջնակարգ ժողովուրդը։ Այս ուրախական բացականչությունքը, թեպետև հառաջանում են տարբեր սկզբունքներից, վերաբերությամբ դեպ ’ի Գառիբայլդի և դեպ ’ի Վիկտոր էմմանուելը, բայց «Իտալիան» ամոքում է այս խոշոր տարբերությունը և այս պատճառով ևս հիշյալ երկու կացությունքը գործ տեսան և ամոթահար հաղթահարեցին ազնվական կացությունը, որ հերիքանալով անձնական դյուրությամբ, նեապոլիտանյան նեղսիրտ ապսոլյուտիզմի ժամանակ, եթե չկարողացավ դեմ դնել ազգի միջից դուրս արձա՜կված դիմագրավ զորության, գեթ մեծ տհաճությամբ լսեց և լսում է անլռելի «՜կեցցեները»։

Ահա մի նոր խրատ մարդկության, մի սոսկալի ապացույց այն բանին , թե բռնակալության արվեստի դժոխային մեքենան հանգչում է անձնասեր և եսասեր ազնվականների ուսերի վերա։ Այսուհետև ամեն մի բանական մարդու պարտքն է միօրինակ գարշիլ և զզվիլ, որպես բռնակալության ուժի պատկերացույցից, նույնպես և նորա շրջանակից և պարագաներից։

Մարդերի իրավունքը և ազատությունը հավասար է. և եթե մինը ավելի ազատություն և ավելի իրավունք ճարեց յուր համար, քան թե նորա ընկերքը ունեին, ասել է թե ուրիշի սեփականությունը գողացավ