Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջին նամակումս ես հույս էի հայտնել, որ հետևյալ օրը կազատվեմ կատառից, սակայն այդպես չեղավ։ Եվ միայն այսօր կարող եմ որոշակիորեն ասել, որ նրանից այլևս չեմ վախենում։ Պիտի խոստովանիմ, որ ես վախենում էի թե Bronchitis sinplex-ը copibalis-ի կամ pneumonia֊ի կփոխակերպվի, որովհետև կարգին տենդում էի, և, կարող եմ ասել, որ այդպիսի մի քանի փոխակերպումներից հետո ուղղակի ապրել հնարավոր չի լինի։ Այժմ ուժեղ հազը՝ շնչափողի և նրա աջ ճյուղի անհաճելի խտտոցով, քիչ է կրկնվում, իսկ խորխելիս շնչառության օրգանի ցնցումների ջղաձգման բնույթը գնալով հանդարտվում է։ Այժմ միայն ընդունում եմ Aq. Iaurocerasi cum acotas morphi 1½ gran, որպեսզի նյարդերիս գրգռումը հանգստացնեմ և դրանով զինաթափ անեմ ինձ մշտապես տհաճություն պատճառող ստոր լորձաթաղանթը։ Այս շաբաթ ոչ մի անգամ չեմ ափսոսացել, որ մենք տեսակցությունից զրկված ենք, որովհետև ոչ մի դեպքում կյանքս վտանգի չէի ենթարկի ու դուրս չէի գա սենյակից տեսակցության համար։ Դրա փոխարեն այժմ, հենց որ սթափվեցի և բոլոր վտանգներից հեռու եմ, այդ զրկանքը կրկին զգալի դարձավ։

Մոտալուտ տեսակցության ձեր հույսը, որի մասին այնքան շատ գրվեց, ձեր վերջին նամակում զգալի չափով թուլացել է։ Է՜հ, աստված նրանց հետ, այդ տեսակցությունների, եթե իմ բանտարկությունը դեռ երկար է տևելու։ Ես ուղղակի ոչինչ չեմ հասկանում։ Ամիսներն անցնում են, հույսերը թռչում են, մնում է միայն իմ անմխիթար բանտարկությունը։ Տա՛ աստված, որ մինչև զատիկ սենատը վերջ տա իմ այս վիճակին։ Ես արդեն չեմ էլ մտածում վախճանի որպիսության մասին։ Եվ օրգանիզմիս համարյա անընդհատ հիվանդագին վիճակը, մեկ այս մեկ այլ մասում, վերջնականապես կսպանե ինձ։

Իմ առօրյա կյանքի միանգամայն պրոզայիկ վիճակից երես շըրջելով, դառնում եմ դեպի, եթե ոչ ավելի բանաստեղծականը, այնուամենայնիվ ավելի հաճելին։

Մակոլեյն, ըստ սովորականին, կկարդամ հաճույքով։ Ի՞նչ է, նրա պատմությունը դեռ լույս չտեսա՞վ։ Ի դեպ, իր այս երրորդ հատորն այնքան մանրատառ է տպագրված, որ առանց դժվարության հնարավոր չէ կարդալ, մանավանդ որ իմ աչքերով պարծենալ բոլորովին չեմ կարող, ութ ամիս գիշեր-ցերեկ կարդում եմ, կամա-ակամա ամեն աչք կհոգնի։

227