Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչդեռ դա իմ միակ զբաղմունքն է, որից ոչ մի կերպ չի կարելի հրաժարվել։ Բայց ինչ վերաբերում է Բոքլին, ապա խոստովանում եմ, որ սա ինձ վախեցնում է ո՜չ միայն ծավալով, այլև տեսակարար կշռով. ասացեք խնդրեմ, առաջին հատորը 70 թերթ է, և դեռ հազիվ մինչև 18-րդ դարն է հասել։ Այժմ ես դժվարությամբ եմ կարդում այնպիսի գրքեր, որոնք փիլիսոփայական երկասիրության դեր խաղալու հավակնություն ունեն, վերջիններից ես խուսափում եմ այնպես, ինչպես Պուշկինը սեմինարիստներից։ Բոլոր այդ փիլիսոփաներն իրենց ամբիոնների բարձունքից առաջադրում են տեսություն տեսության հետևից, դեռ մինչև Հիմա պարզամտորեն ենթադրելով, որ մարդու կյանքը կազմվում է ըստ ինչ-որ նախագծված տեսության՝ կարծես մարդկային բնությունը հանք է, որ ամեն ինչ կազմվում է դրսից՝ ըստ զանազան ֆիզիկական, ընդ որում՝ անփոփոխ օրենքների։ Մարդկությունն արդեն շատ է տառապել ամեն տեսակ իդեալական սիստեմների համար, որոնց վրա նա այժմ ծիծաղում է, բայց մի քանիսը դեռ պատվի են արժանանում։ Չնայած դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նախկինների ձևափոխությունները այժմ արդեն ծաղրված, այնուամենայնիվ, աչքերի կապը դեռ պինդ է։ Ժամանակն է արդեն մի քիչ հրաժարվել մետաֆիզիկայից՝ հօգուտ դրական գիտությունների, թեկուզ հօգուտ ֆիզիկայի։

Եթե Շլոսսերը չկա (Հռոմեական պատմությունից սկսած), ապա ինձ ուղարկեցեք նրա 18րդ դարի պատմությունը, որ արդեն վաղուց տպագրված է։

Անանիային խորհուրդ եմ տալիս կարդալ Ֆոշեն։ Չնայած այդ գիրքը ժամանակակից Անգլիան չի ներկայացնում, այնուամենայնիվ շատ հետաքրքրական կարող է լինել նրանց համար, ովքեր փորձով դեռ ծանոթ չեն Անգլիային։ Հույս ունեմ, որ կուղարկեք Գերվինուսի շարունակությունը նույնպես։ Ի դեպ, ում միջոցով, որ հարկ է, ուղարկեցեք մի կապուկ փոստի թուղթ 25 ծրարի հետ, որպեսզի ձեզ նամակ գրելու դեպքում գործածեմ՝ առանց ոչ ոքի նեղություն տալու։ Հույս ունեմ, որ հետևյալ նամակս արդեն կգրեմ ձեր ուղարկած թղթի վրա։ Ավելացնեմ, որ եթե որևէ կերպ թույլ տան տեսնվելու, ապա վաղօրոք ձեզ զգուշացնում եմ, որ ես ոչ մի դեպքում տեսակցության տեղը չեմ գա, եթե դուր կգաք առանց ինձ համար կաշառք բերելու, առանց սիգարի։ Կրեյցբերգը գազաններին ձրի ցույց չի տալիս. ի՞նչ է, ես մի գազան էլ չարժեմ, որ