Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լեզուն որևէ ուսմունք, այսինքն՝ դոկտրինա, չէ. ամենագոեհիկ ուսմունքը կարելի է անցկացնել և նա, նայած իր որակին, որևէ տեղ, ավելի կամ պակաս հետևողներ կգտնի։ Բայց լեզուն ուսմունք չէ, այն չի կարելի քարոզել, եթե հավաքես ամբողջ ժողովուրդը և աշակերտական նստարաններին նստեցնես,— մի բան որ անհնար է,— դարձյալ ոչինչ անել չես կարող։ Դա շատ նուրբ խնդիր է։ Լեզուն տրակտատ չէ՝ չի շարադրվում ։ Լեզուն օրենք չէ՝ չի հրամանագրվում։ Որևէ մտքի արտահայտության լավագույն ձևը եթե գտնենք որևէ գավառում, մենք այդ պետք է մտցնենք լեզվի մեջ, բայց ոչ պարտադրաբար կամ պաշտոնապես, այլ որպես մաքսանենգ ապրանք, գաղտնի, որպեսզի ընդդիմադրություն առաջ չբերենք։

Որևէ բարբառի հին ձևերը նոր լեզվի համար նույնքան են պետքական, որքան դեղձենու կեղևը փշատերև ծառերի համար. ձևով տարատեսակները չեն միացվում, եղանակով տարատեսակները իրար ձգում են, և ընդհակառակը՝ ձևով միատեսակներն իրար ձգում են, այսինքն՝ համադրվում են, բայց եղանակով միատեսակները՝ իրար վանում են և չեն համադրվում։ Յուրաքանչյուր ժամանակ-դարաշրջան իր բնույթըն ու իր դրոշմն ունի։ Նույն բնույթը և նույն դրոշմը, բնականաբար, պետք է ունենա և նորա լեզուն։ Մեր հին լեզվում չկա «ծեծ խմել» ձևը, իսկ նոր լեզվում ծեծը չի խմվում, այլ ուտվում է, այնինչ հին լեզվում ոչ մի տեղ չի կարելի գտնել նման ձև։

Գավառաբարբառներն ընդհանուր լեզվին կարող են օգնել ինքնուրույնաբար մշակված առանձին բառերով և արտահայտություններով, ընդորում միայն այնպիսիներով, որպիսիք ուրիշ բարբառներում չկան, կամ եթե մի ձևը գերադասվում է մյուսից։ Ընդհանուր պակասության և ընդհանուր կարիքի փոխադարձ լրացումը նոր լեզվի մշակման համար կարող է միայն իբրև ֆոն ծառայել, իսկ ամբողջությամբ վերցրած որևէ գավառաբարբառ, ինչքան էլ լավ լինի, օտար հողի մեջ չի կարող արմատներ արձակել, որովհետև նա արդյունք և սեփականություն է որևէ տվյալ գավառի։

Որևէ բարբառի յուրաքանչյուր փորձը՝ բոլոր մյուսների համար պարզել իր դրոշակը՝ «խոսի՜ր այսպես» մակագրությամբ, միշտ կմնա «ձայն բարբառոյ յանապատի»։ Զանազան գավառների մարդիկ, եթե իրոք ցանկանում են նոր լեզուն բարձրացնել ժողովրդի բարոյական