Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրեմն և լեզուն պիտո է մնա անմահ, բայց այս անմահությունը դարձյալ գործարանավոր մարմինների նման տեսնվում է հաջորդի մեջ և ո՛չ թե յուրյան իսկ ծերության հասակի Հավիտենական շարունակության մեջ, որ կարող է եգիպտական մումիայի նման գոսացած պահել միայն ձևը և դրությունը, զրկվելով մյուս կենդանական ներգործությունից, ինչպես է այժմ մեր հին լեզուն։

Բնությունը զգալով մարմինների անմշտնջենականությունը մի անհատի մեջ հարկադրում է նորան թողուք հաջորդի սերմը, այսպես ներգործում է և լեզվի վերան. իհարկե խելագարություն է ջնջել և չքացնել որդին, որ գուցե հոր նման կամ ավել քաջ կլիներ, պատվելով առավել նորա հոր երեսը. թող հայրը մնա պատված, իսկ որդուն պիտո է խնամ տանել, զարգացնել, ըստ որում հայրը այսօր էգուց մեռանելու է և նորա տեղը պիտո է որդին բռնե. եթե սերմերը ոչնչանային, հետևաբար մարմինների տեսակը ևս կջնջվեր, սորա ապացույց ունինք շատ լեզուներ, որոնց մի քանիսի միայն անունը գիտենք և մի քանիսիցը քանի մի բառեր։

Այս բաները ուսումնականաբար կամ լավ ևս իմաստասիրաբար քննելով՝ պարտավոր ենք տածել ու խնամել նոր բողբոջները, որ հինի սերմիցը հառաջացած՝ խոստանում էին մեզ պահել նորա անմահությունը, ուրեմն ջանք ու խնամ ունենալ նոր լեզվի տղայական հասակի վերա։ Վերանորոգյալ հայախոսության այս հասակի վերաբերած քանի մի հիշատակարանք ունելով ես իմ մոտ, կամ իմ սեփական մտածողության պտուղը և կամ ուրիշից մշակած, որոնց անունը տակերումը նշանակած է, կամենում էի նորանց չմատնել հավերժական կորուստի, ինչպես մինչև այսօր իմ անհոգութենովը իմ գրած բաներից շատերը այս կամ այն կողմ ցրված կորած են, որոնց անունը ևս օրըստօրե մոռանում եմ։ Վասն որո ինչքան որ այժմ ձեռումս ունիմ այս տետրակիս մեջ դրած, ավանդում եմ ձեզ, հուսալով, որ ձեզ մոտ չէ կարող Սատուրնոսը մերձենալ և իմ գրածներովը յուր որկորը խճողել, թեպետ այս դրվածքը մի երևելի բաներ չեն, այլ նոր լեզվի տղայության հասակի հիշատակարանը կարող են համարվել։ Ո՛ղջ եղիք։

Ձեր բարեկամ
Մ. Նալբանդյանց

12 մայիսի 1855 Մոսկվա