Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

ՍԻՐԱԿԱՆ եՂԲԱՅՐ ԻՄ․ ՂԱԶԱՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ,

Եղբայրական ողջույն մատուցանելով, հայտնում եմ, որ այս գիրս գրած ժամանակս աստուծո ողորմությունովը ողջ և առողջ եմ, նույնպես Ավետիքը և Մարտին Մակարիչը, որ տեսա առաջին անգամ ամսույս 8-ին երեկոյան ժամանակ։ Այժմ միշտ տեսնում ենք, և երեկի, որ էր ամսույս 10, կիրակի օրը ժամից հետո խնդրել էի ինձ մոտ ճաշ ուտել, շընորհակալ եմ, եկավ։

Ճաշից հետո, ժամը 5֊ին երկաթի ճանապարհով գնացինք 17 վերստ տեղ. այնտեղ ժողովուրդ կար, և ուրախությամբ մնացինք մինչև ժամը 11, հետո նա գնաց տուն, ես էլ եկա իմ տունս, Ավտուշն ևս հետներս էր։ Հույս ունիմ, որ սորանից առաջ գրած նամակներս ստացած լինիք, թեպետ ես շատ ժամանակ է որ մեկիցդ էլ մի գիր չունիմ։ Բավական հոգսի մեջ էի, լսած լինելով այգտեղի դրությունը, բայց այժմ միամիտ եղա, տեղյակ իմանալով Մարտին Մակարիչից ձեր բոլորի որպիսությունը մի ըստ միոջե։ Եթե այդ կողմերի այդպիսի աղմուկը չլիներ, ես, ինչպես ասել էի, անպատճառ կգայի և Ավտուշին ևս կբերեի, բայց աստծուն հայտնի է, որ լսելով այդ խռովությունքըն, սիրտս պաղեցավ. ասացի, ինչպես առհասարակ ասում են «ասոր մեկ խայիրլըսըն կա» և հանձնեցի աստուծուն, որ ողջությամբ պահե և մեզ և ձեզ, որ գալոց ամառ արժանի լինիք միմյանց տեսության։ 2 ամիս ու կես ժամանակով Սահակն ալ պիտի գա, միասին կգանք երեքս էլ աստուծով։ Այս գիրիցս քանի մի օր առաջ մի գիր գրիլ եմ օֆիցեր հայ Գեորգ Հովհաննիսյան Շահխաթունյանցի հետ հորս անունով և խնդրել էի, որ թե այդ պատվական տղան դար Նախիջևան, նորան մեր տունը տանեիք, որովհետև օտար երկիր է նորա համար և իմ բարեկամս է, ամիսներով նորա հետ միասին բնակվել ենք Պետերբուրգում։ Չգիտեմ մինչև այս գիրս ստանալուդ նա երևացած կլինի՞, թե ոչ, այսուամենայնիվ դարձյալ խնդրում եմ, որ թե գա, նորան ընդունեք և մեր տունը կամ մեր մոտ ազգականաց տանել բերել ունենաք և մարդասիրություն ցույց տաք, իմանալով, որ շատ օտար մարդիկ մեզ այս օտար աշխարհներումը ցույց են տալիս շատ մարդասիրություն, ուրեմն մեք ևս նույն բանը պետք է ուրիշներին առնենք։

49

4—580