Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանին, մեր խնդիրը չի ընդունվելու, մանավանդ որ պատճառը պատրաստ է։ Վասն որո ովի՞ն կարող էի դիմել այս խնդրովս, եթե ոչ Ձեզ իբրև հայրենակցի և ազգի օգտին ցավակցողի։ Թեպետև այս բանը Ձեր ծառայության պաշտոնից դուրս է, այսուամենայնիվ դուք շատ բարեկամներ ունենալով, որոնց առաջև, հավաստի գիտեմ, որ հարգելի էք Ձեր միջնորդությունը, կարող էիք օգնել մեզ այս ազգային գործի մեջ, որով ոչ թե միայն մեզ կպարտավորեիք, այլ և բոլոր հայոց ազգը, որ չունի ոչինչ լուսավորության հնար։

Այս հիման վերա ես խնդրում եմ Ձեզանից չխնայել ձեր աշխատությունը, որ նախարարությունը հետ չդարձուցանե մեր առաջարկությունը և թույլ տա սկսանել մեր գործը։ Պարոն Նազարյանցը նույնպես, մի պրոֆեսոր Մոնխլինսկիից խնդրել է, որ նա ևս աշխատի։ Ուրիշ մարդերից չէր կարելի խնդրել, պատճառ, որ հայերը դժբախտաբար այնպիսի մի զարմանալի հոգվո տեր են դարձած, որ եթե չկարողանան կամ չկամենան մի բանի օգնություն տալ, վնասելու և քանդելու միշտ պատրաստ են․ իհարկե այս ոչ այլ ինչ է, բայց եթե ապացույց նորա բարոյականության հիվանդությանը։

Գիտեմ, որ մեր օրագիր տպելը քանի մի հնամոլ մարգերի ընդդեմ պիտի թվի, պատճառ, որ դոքա հին և մեռյալ լեզվի քամակից գնալով, կարծում են թե կարող են մի մոգական գավազանով հետ դարձնել հայերի համար հինգերորդ դարը, բայց այդ պարոնները փորձով կտեսանեն և աստուծով առաջին անգամ մեր օրագրի վերա, թե ժողովուրդը փոքր ի շատե ճանաչել է ժամանակի իրավունքը, կտեսանեն, թե հայը եթե մի գիր չի առնում ձեռը, բոլոր պատճառը այն չէ, որ չի կամենում կարդալ, բան հասկանալ, այլ մանավանդ այն է, որ կարդացածը չի հասկանում և, թե մինչև այժմ հայերի համար գրվել են միմիայն մի սխոլաստիկական կրոնական չնչին վեճերու վերա, որոնք ժողովրդի համար եղած թե չեղած միևնույն է։

Մեր ցանկությունը այն է, որ կարողանանք ժողովրդին մոտեցնել փոքր ինչ դպրության հետ, նյութ և սնունդ դնել հայկական չոր ու ցամաք դպրության մեջ, և, ինչպես մի կողմից լեզուն, մյուս կողմից և նույն ինքյան դպրության հոգին և ուղղությունը որքան կարելի է շինենք ժողովրդական, ազատելով աբեղայականությունից, որ մեջ մնացած է այժմ անտեր անտերունջ։

54