մատենագրությունը մի փոքր ձեռք ու ոտք ստացավ, շարժողություն է ցույց տալիս յուր մեջ իսկ եթե հայկական տպագրությունը որ աստիճանի մաքրության հասցուցինք, այդ իհարկե տեսաք, կտեսնեք միշտ օրագրի հետևյալ համարների և նորատիպ մատյանների մեջ։ Եվ ես պարծենում եմ նորանով, որ այդ տպարանը և օրագիրը պարտական է յուր գոյությամբը և հառաջ գնալովը իմ քաղաքացոց և գլխավորապես Ձեզ։ Այդ բաների վերա հետևյալ համարներից մինի մեջ պիտի խոսենք և տանք արժանի հարգը։
Մինչև այժմ հայ ազգը կարծել է, թե միմիայն Վենետիկը և Վիեննան կամ թե նորերումս Փարիզը, թե դորա պիտո է կամ կարող են միայն ազգը դաստիարակել, բայց մենք ցույց կտանք և կապացուցանենք, թե որքան սխալ կարծիք է այդ և թե մեր ազգի հարազատ որդիքը ունին կարողություն բարոյապես առնիլ այդ բաները հազար անգամ լուսավոր գաղափարներով, քան թե պապական մոլակրոն և նախապաշարմունքների մեջ փտած մխիթարյանքը, միայն թե ազգը չխնայե մեզանից այնքան նյութական հնար, որքան հարկավոր էր մեր հոգեկան վաստակների վերա մարմին պատելու, որ կարողանային դոքա երևել մարդկեղեն աշխարհի մեջ։
Նազարյանցի հանդեսի Բ հատորը ավարտված է, շուտով կտպվի «Պավլոս և Վիրգինիան», իմ «Թափառական Հրեան» մինչև ապրիլի 10 կավարտվի նույնպես, և այն ժամանակ պիտո էր մի հոգաբարձություն իմ մյուս աշխատությունը հանդես հանելու համար, որի մասին վաղուց խնդրած էի Ձեր օգնությունը եկավորների բերանով, թե մի փոքր հարկավոր էր սպասել։ Այն օրից մինչև այսօր հինգ կամ վեց ամիս անցավ, վասն որո նորոգում եմ իմ առաջարկությունս, Հարակցելով թե, եթե դուք, ազդի իշխանքդ և կարողքդ չօգնեք մեզ, մենք ոչինչ ենք և ոչինչ գործ չենք կարող հառաջ տանել ազգի լուսավորության և դաստիարակության համար։
Այժմ ժամանակ է, որ և դուք և մենք, մինչդեռ կենդանի ենք, աշխատենք որքան կարող ենք, մեր ժամանակից մի փոքր պարծանք թողուլ ապագա սերունդի համար և վառել ազգասիրության կրակը սառած սրտերի մեջ։ Ձեզ հայտնի կլինի, թե ինչ անձնազոհությամբ գիշեր ցերեկ կուրծք կոտրելով և աչք խավարեցնելով աշխատում ենք գրելով ու սրբագրելով, տպելով ու չարչարվելով. այսքան միայն կգա մեր ձեռքից, ապա նյութական հնա՞րը, այդ չունինք մեք, և ազգը պիտի օգնե և այդ