Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու փսխելիքս գա. ահա եղբայր, այժմ իմ դրությունը և հուսահատության չափը։

Ափսո՜ս ինձ, որ ես երևեցա հայերի մեջ, մի այլ ազգի մեջ երբեք այս վիճակում գտանվելու չէի ես, անտեր և անօգնական, միմիայն հուսալով նախախնամության վերա, որ կերակրում է ճնճղուկները։

Սիրտս արյունի ծով է, բայց այնքան հոգու զորություն ունիմ, որ ոչ ոք չէ կարող իմ դրությունը կարդալ երեսիս վերա։ Ուրախ եմ միայն, որ առողջ եմ, և տկարությունս իսպառ փարատեցավ։ Որպես ապրուստի ճանապարհ ես պիտո է լինեի կանդիդատ և գնում եմ Պետերբուրգ մնալ մի քանի ամիս ու քննություն տալ. իմ ամեն բանը այսպես պատերազմով պիտի լինի, բայց երևակայիր քեզ, եթե այս վիճակում Պետերբուրգ գնալու, այնտեղ համալսարանի 50 մանեթը տալու ևս արծաթ չլինի, թողում այնտեղ բնակության և ապրուստի հոգսը, ինչպե՞ս կլինի մարդու սիրտը և վիճակը։ Ինչպե՞ս կլինի, եթե էրթամ նազարյանցին 200 մանեթ խնդրեմ, այստեղ 100 մանեթը մանր պարտքեր տալու և 100 մանեթը ճանապարհի ու համալսարանի փողը տալու համար, և նա ինձ ասե, թե ոչ մի կոպեկ օգուտ չկա. 340 ստորագրությանը փող է ստացել և 600 մանեթ պարգև. տպագրությանը ծախսը հասնում է մինչև 1500 մանեթ, ինչպե՞ս է այս, լա՞վ է, սիրտ կմնա , չե՞ս հուսահատվիլ... Ահա եղբայր, իմ հանգամանքները, թողում եմ Սադայի 250 մանեթ պարտքը, որի մասին հայտնած եմ երբեմն և ամեն որ մաշում է. հոգիս։

Իմանալով այս բոլոր բաները, աչքի տակ առնելով, թե այս վիճակում եղած մարդու սիրտը և հոգին ինչպես կլիներ, մի՝ մեղադրիր ինձ իմ լռության համար, այլ ներիր և ցավակից եղիր որպես բարեկամ. ասացի՝ սիրտս արյունի ծով է։ Խնդրեմ Նազարյանցի բանը ոչ ոքի մի՝ ասա, հարկավոր չէ, թող թշնամիք չուրախանան, նորա պատիվը մերն է, ուրեմն խոստովանություն մնա քո մոտ, կարող ես միայն պ. Հայրապետյանցին հայտնել, որի հոկտեմբերի 9-ին գրած նամակին այսօր պատասխանելով, մասնավորապես հայտնեցի. այլ ոչ բոլորովին։ Քեզ գրածս ևս բոլորը չէ, ավելի խայտառակ բաներ կան, որ միմիայն բերանով կարելի է ասել, ըստ որում ամոթ է թղթի վերա գրել։ 1860-ին «Հյուսիսափայլին» պիտի ստորագրվիմ և Պետերբուրգից պիտի ուղար¬կեմ պ. Նազարյանցին 9—50 կոպեկ։

Քո անխարդախ բարեկամ, անմխիթար

Մ. Նալթանդյանց