Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այսպես ահա Մկրտիչը, հարկադրված քրոջից, սկսեց մատանու պատմությունը։

— Շատ տարիներ են անցել նորանից հետո, երբ մեր ցեղապետը ապրել է աշխարհի երեսին Ղրիմի Թաթարի իշխանի իշխանության ժամանակին. շատ տարիներ եմ ասում և ո՜չ թվականը իսկապես, այն պատճառով, որ չգիտեմ․ միայն այս քան կարող եմ ասել, որ այն տարում Գիրեյ-Խանը միավորված փոքր-ռուսիացոց և լեհացոց հետ, պատրաստվում է եղած հարձակվել Մեծ-Ռուսիայի վերա։

Այս միջոցին Բաղչե-Սարայի մեջ երևում է մի դերվիշ Շեյիխուլիսլամ, որպես թե եկել է Մեքքեից, ուր գնացած է եղած Մեհեմմեդի գերեզմանը համբուրելու․ այս դերվիշը տեսանելով Գիրեյ-Խանի պատերազմական պատրաստությունը, մի օր գնում է նորա փառավոր, ծառերով և շատրվաններով զարդարած պալատը, օրհնելու նորան։ Խանը ընդունում է այս հոգևոր անձը բավական հարգութենով, և հրամայում է թաբակ և ղահվե բերել նորան։

Դերվիշը, սիրտը շարժվելով Խանի այսպիսի բարեհոգութենից, կամենում է վարձատրել նորա այս հյուրասիրությունը մի թանկագին բանով. նա ընծա է տալիս նորան մի մատանի և ասում է, քանի այդ մատանին խանի մատումն է, թշնամիք չեն կարողանալու հաղթել նորան, և եթե այս բանը իմանալով մի մարդ չարագործութենով գողանա այս մատանին, այն ժամանակ գողացողը պիտի մեռանի կայծակից, և ովի ձեռքում որ մնա մատանին, այն ցեղից յոթն մարդ պիտի տարաժամ մեռանին անպատճառ, բայց քանի՞ տարուց հետո, կամ ե՞րբ, այդ մասին ոչինչ չէ ասել դերվիշը։

Խանը, ընդունել է այս հոգևոր պարգևը շատ սիրով, և հրամայել է գանձապետին մեծ արծաթ վճարել բարերար դերվիշին նորա այս նվերի փոխանակ։

Խանը, վահանափակելով յուր անձը այս կես հոգևոր, կես գյութական պարգևովը, հավելացրել է ուր սեփական խստությունը այնպես, որ ասպատակության ժամանակ նորա ճանապարհը լվացվում է եղած արյունով։

Մի օր ցեղապետը Խանի ուրախ ժամանակը ահ ու սարսափով մոտեցած խնդրում է նորանից մի շնորհ, պատճառելով նորա այսքան հաղթությունքը, որ տարել էր թշնամիների վերա։

Խանը պատասխանում է այսպես.

— Ես էգուց պիտի հրամայեմ թշնամիների գլխից աշտարակ շինել, քեզ այն շնորհը կառնեմ, որ քո գլուխը կդնեմ աշտարակի ծայրումը, այնպես, որ քո գլուխը կկազմե նորա սրածայրը։