Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաճախ երևում է այդտեղ պատանի աղջիկների և կին մարդերի մեջ օրիորդական ասացյալ տկարությունը (chlorosis), և դորա հառաջանալու պատճառը ճանաչվում է նոցա նստողական կյանքը, որից պատճառվում է և արյունի անկարգ շրջանառությունը, և սա առիթ է լինում նույնպես բարակացավի երևելուն։ Եվ մի օրիորդ, որ հալումաշ էր լինում, որ դեղնում էր և բավական հաճախ կանաչում, մի՞թե ընկնում է բժշկի ձեռք, որ նայելով տկարությանը մատակարաբեր նորան երկաթ և յոդ և այդ կերպով ազատեր ողորմելի աղջիկը ուտող և մաշող ցավից։ Մի այդպիսի աղջկա բժշկություն, ո՛հ ցավում ենք խոստովանել, նախ և հառաջ կայանում է նորանում, որ խաչաձև ճեղքում են մի գլուխ սոխ, և յոթը կոտոր աղ դրած ճեղքվածքի մեջ դնում են գիշերը հիվանդի գլխի տակ, իսկ մյուս օրը ստիպելով հիվանդին մի կոտոր շաքար ծամել և երեք անգամ թքել այդ սոխի վերա, փաթաթում են սորան հիվանդի մի զգեստի կոտորով և ձգում են կամ խաչ ճանապարհի, կամ ավեր ջրաղացի, կամ բաղանիքի վերա, և կամ մի ջրի մոտ կամ մի քանի ծառ գտանված ձորի մեջ։ Արդեն մեծ և հառաջադեմ հոգաբարձություն է մի այդպիսի աղջկա մոր կողմից, եթե սա հրավիրում էր մի խաբեբա պառավ և թեթև էր թափել տալիս արճճով [1] հիվանդի վերա, կամ կանչում էր մի խաբեբա և շարլատան մարդ ախտարք բանալու կամ ուրբաթագիրք կարդալու համար։

Բժշկականությունը շատ տխուր բաներ ունի պատմելու այդ քաղաքի մասին։ Ինչպես ասիացի ազգերի մեջ, նույնպես և Նախիջևանի մեջ, բժշկությունը մինչև այժմ չէ ստացել յուր արժանավոր հարգը և կշիռը ժողովրդի աչքումը։ Մի հիվանդ մարդ շուտով կհոժարի մի խաբեբայի, մի պառավի, կամ մի տգետ վարսավիրայի (բերբերի) ձեռքից ընդունել այնպիսի ճարեր, որ մահադեղ էին և ամենևին կորստաբեր, քան թն օրինավոր բժշկի հիմնավոր և խելացի առողջաբար դեղերը։ Քաղաքի բնակիչների մեծ մասը, իսկ գյուղացիք բոլորովին, հիվանդանալով, հանձնված են միմիայն բնության բժշկարար ներգործությանը. եթե այսպես ևս լիներ, ճշմարիտ, մահացությունը չէր կարող այնքան շատ զայրանալ, բայց արի տես որ մի տգետ ռամիկ, կամ հիմարությամբ, կամ յուր արծաթսիրության քաղցը լքուցանելու համար, օգուտ քաղելով

  1. Նախիջևան և Ղրիմի քաղաքներումը «թեթև թափել» ասում են այն բանին, որ Հայաստանումը անվանվում է «վախ թափել»։ Այս բանի մանրամասն նկարագրությունը կգտանե ընթերցողը պ. Նալբանդյանցի «Մինին՝ խոսքը, մյուսին՝ հարսն» աշխատության մեջ։