Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հիմի է՞լ խոսենք, երբ իշխանություն
Ծախում է անարգ հացկատակներին,
Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխին
Եվ մեզ կարծում են հող իրենց ոտքի,
Ու մենք մեզ կոխող ո՜տքը լիզում ենք.
                   Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ Լուսավորչի
Բնիկ ժառանգի թևերը կտրած,
Անարգ պարսիկը՝ այս ու այն թեմի՝
Կարգում է տեսուչ ըստ յուր չար մտաց
Եվ մենք դեռ «կեցցե՛ արին»,— գոռում ենք.
                       Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ ձեռք ենք տալիս,
Երբ ողջունում ենք մենք այդ չքերին,
Որ դրան շուն են, և մեզ տեսնելիս՝
Շուտ դիմակները դնում երեսին,
Այդպիսիներին դարձյալ պատվում ենք.
                 Հիմի է՞լ խոսենք։

Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլ
Ամոթի սուրբ ջուր, որ բերան բանանք։
Ո՞չ, թե չենք ուզում հողից հող կորչիլ,
Թշնամու արյունով մեր թրին ջուր տանք,
Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք,
                Ապա թե խոսենք։


ՀԻՇԵՆՔ

Հայկ ու Տիգրանին հիշենք միշտ, եղբարք,
Թափենք նոցանից հնության փոշին.
Նորանց հիշելով արդյոք մի նոր կյանք
Առնու Հայաստան — նոցա խե՜ղճ այրին։