Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժամանակ ես կհետևիմ քո ձայնին, որովհետև նա ավետարանում է ինձ փրկություն, ազգության անունով։

Եվ քաղաքական նավաբեկութենից ապրած մարդիկ, եթե հասկանում են ազգությունը մի ամբողջություն, որ երբեմն կար, և որի դարավոր փոշով ծածկված հիշատակարանների վերա բաբախում է նոցա կուրծքը, եթե նոցա, ազգության հասկացողությունը, յուր սկիզբը առնում է անցածի խայտաճամուկ ավանդութեններից և չէ հիմնվում ուղղակի ներկա սերունդի և ներկա պայմանների վերա, եթե նոքա մտածում են երևեցնել յուրյանց ազգությունը այն շրջանակի մեջ, ինչպես էր հառաջ, այն Ժամանակ, այդ ազգությունը կմնա միշտ իբրև մի ամուր գաղափար, որ հետ չէ մնում բարոյական Չինաստանից։

Ժամանակը մի անգամ է անցնում, և նա, որ ընթացակից չէ նորան, հետ է մնում։ Մենք կարող ենք բռնել ժամանակի այն ակնթարթը միայն, որ անցնում է մեր առջևից. իսկ երբ նա անցել է, անօգուտ է այլևս։ Նա, իբրև օրինակ, միայն, իբրև խրատ, կարող է երևել մեզ հեռվից․ ներկա կյանքը նորա հետ վերաբերություն չունի, ըստ որում անցածը չէ ապրում այլևս։

Այսօր, եթե մի ժողովուրդ ստրուկ է, եթե նա հող չունի և եթե հաջողի նորան հող ձեռք բերել, իրավունքը և ժամանակը պահանջում են տնօրինել այնպես, ինչպես ցույց է տալիս ներկա հարկը, ինչպես ցույց է տալիս բանականությունը, և ոչ այնպես, ինչպես հին օրերից մնացած, ավանդական կառավարությունքը տնօրինել են մինչև այժմ, այսինքն, տերության կամ ազնվականության սեփականելով հողը և հասարակ ժողովուրդը զրկելով իրավունքից։ Վերջին դիպվածում ազգությունը ազատություն չէ ժողովրդին. նա փոխում է միայն նորա լուծը․ մեք դրականապես թշնամի՛ ենք այնպիսի ազգության, ինչպես թշնամի ենք բռնակալության, ո՛ր կամ ինչ կերպով որ հայտնվի։ Գիտենք, կան մարդիկ, և մեր իսկ սիրելի բարեկամների մեջ, որ պիտի ասեն՝ թո՛ղ միանգամ ձեռք բերվի հողը, թո՛ղ ինչպես կամի լինի սկզբնական կառավարությունը և տնօրենությունը, հետո կուղղվի, կնորոգվի և այլն, և այլն։

Չէ՛, այս տղայություն է. այս տեսակ ուղղագործությունքը և վերանորոգությունքը հեշտ բաներ չեն, և, համարձակ կարելի է ասել, նոր ի նորո ձեռք բերելուց ավելի դժվար։ Ուրիշների փորձերից, որ փորձողներին արժում են արյան ծովեր և որ բոլորովին ձրի ներկայանում են մեզ, իբրև օրինակ, հարկ է որ խրատվինք և չերթանք այն ծուռ ճանապարհը, որից և գնացողը կամի հետ դառնալ, բայց ոտքը սայթաքում է։ Եվ ի՛նչ խելք է, կատարելությունը տեսնելուց հետո, անկատարին