Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարյա թե պաշտոնական լուր էր այն փողոցի պառավների բերանումը, որոնք աշխարհի երեսին երկու բան գիտեն, աղեկատ մանել և ուրիշի աղջիկների հասակի ճիշտ մետրիքական մատյան վարել։ Ինչպե՛ս և իցե մի հաստատ խոսք չկար Նախիջևանումը այս մարդու վերա, այնտեղ, ուր շատ անգամ շատ մարդիկ դրականապես ապացուցանում են կամ հերքում են մի բան առանց ամենևին իմացած լինելու բանի զորությունը, այլ մի միայն յուրյանց եթերային տրամաբանությամբ։ Այսքան միայն հայտնի էր, որ Թյությունճի֊Օղլուի ապրուստը շատ պարզ էր, նորա կեցությունը շատ հասարակ. մարդ և կին տարին երկու ձեռք հագուստի տեղ մի ձեռք էին կարում յուրյանց, երկրորդի գումարը տնտեսելով Մանուշակի պիտույքների համար։ Կինը շատ անգամ ասում էր, եթե Թյությունճի-Օղլուն ոգևորված խոստանում էր մի ավելորդ հալավ կարել յուր կամ կնոջ համար, թե «մա՛րդ, մեք աղջիկ ունինք հարս տալու, պետք է նորա համար պատրաստություն տեսանել»։ Այս խոսքը Թյությունճի-Օղլուի համար մի այնպիսի բացասական էլեկտրականություն էր և այնչափ ազդու, որ իսկույն անգործ էր կացուցանում նորա բորբոքված դրական էլեկտրականությունը։

Բայց թե նոքա ի՞նչպես էին հագցնում յուրյանց մի հատիկ Մանուշակը, արդարև արժան էր, որ ամենայն ծնող օրինակ առնուր նոցանից. նորա հագուստները մաքուր, գեղեցիկ, նոր և արժանավոր պաստառներից։ Թյությունճի-Օղլուի կինը, որին դեռ չենք ծանոթացրել մեր ընթերցողքը, շատ սրտաբաց կին էր. կարճահասակ, հաստամարմին և հիսուն տարեկան հասակը արդեն դրել էր նորա նեղ ճակատի և դուրս ընկած թուխ թշերի վերա յուր կնիքը — խորշումը։ Նորա հագուստը, ինչպես առհասարակ նախիջևանցի կնիկ-մարդերի հագուստը, շատ հավատարիմ էր մնացած թաթարի տարազին, որ 1779-ին բերել էին Ղրիմից1:

Գլուխը կապած մի բարակ բամբակյա ծաղկանկար թաշկինակով, որ այժմ ևս ստանում են Տաճկաստանից և մեծ հարգ ունի այնտեղ. սորա տակից երևում է նորա բաշը (փերչամը) մեջտեղից ճեղքած, որ ծերության նշան էր այնտեղի սովորութենով։ Վերայի կապան, թեև հասարակ պաստառից, բայց կուրծքը բաց կարած. և այս սեգմենտի (թաց տեղի) չորս կողմը շրջակարած ոսկեթել ժապավենով և արծաթի բոժոժներով, որոնց միջի դատարկությանը վկայում էին բոժոժների վերայի փոքրիկ ծակերը։ Բայց կուրծքը բաց կարած ասելով, մի՛ իմանար, պատվելի

1 Հայերի Ղրիմից Դոն գաղթը մանրամասնորեն նկարագրված է Նալբանդյանի «Հիշատակարանում» (Մ. նալբանդյան, ԵԼԺ, հ. էջ 337 և հաջորդ էջեր):

Նախիջևանի հայերը Ղրիմի հայերից ժառանգեցին վերջիններիս լեզվի, մշակույթի ու կենցաղի վրա դարերի ընթացքում թաթարների ունեցած ազդեցության հետևանքները: