Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քրիստոնեության նպատակն է ընկերական կյանքի բարվոքումը, մինչդեռ մովսիսական կրոնից եսական ոգին բխում է ամեն մի քայլափոխում։

Ուրեմն քրիստոնեությունը հիմնված լինելով սիրու վրա, ուրեմն և ներող և զիջանող տարրի վրա, որ լինելով միևնույն ժամանակ այդ վարդապետության տիրապետող ոգին, ընկերությունը բարվոքեմ ասած տեղը անարդարություն է տնկում և միտում է կշռի թաթը դեպի անհավասարություն, ուրեմն քրիստոնեական կրոնը թշնամի է հավասարության։ Բոլոր այն «ուրեմն»-ները դուրս են գալիս դարձյալ այն մովսիսական եսական ոգու ազդելուց, որպես թե այն ժամանակ է երևում ճիշտ հավասարությունը, եթե Մարկոսը Կիրակոսի որդին սպանե, Կիրակոսը ատյան քաշելով Մարկոսին մահի մատնե, Եթե արյուն ընդ արյան, ակն ընդ ական սկզբունքը չլինի, ուրիշ աղբյուր չկա՞ հավասարության. միթե վրեժխնդրությունն է հավասարության միակ աղբյուրը, սերը չունի՞ հավասարությունը, Եթե Մարկոսն էլ իր կարգով ելնե Կիրակոսի որդին սպանե և Կիրակոսի այրին ատենք, ձեռքով Մարկոսին մահի մատնե. ի՜նչ եղավ այս սքանչելի հավասարության էական և շոշափելի արդյունքը։ Հանցանքը երկու մարդ սպանեց, Մարկոսի և Կիրակոսի որդիքը, հավասարության ոգին արդարադատության ձեռքով երկու մարդ էլ ջոկ սպանեց, այսինքն Մարկոսին և Կիրակոսթն. մեջտեղում մնացին երկու այրի կնիկներ յուրյանց մնացած որբերով։ Կիրակոսի մահը կենդանության չբերեց Մարկոսի սպանված որդուն, նույնպես Մարկոսի մահը Կիրակոսի սպանված որդուն։ Եթե մարդու ձեռքում հնար չկա մեռածը ապրեցնել, արդարության և հավասարության անունով երկու նոր մարդ էլ սպանել ինչ խորհուրդ ունի ընկերական կյանքի մեջ. չէ՞ որ երկուքի տունն էլ կործանվեցավ։ Ասենք թե հանցանքը գործվել էր, բայց տակավին երկու տունն էլ հնար ունեին կենալու, բայց, հավասարության ոգին ունքը շինեմ ասելով աչքն էլ հանեց—երկու տունից էլ մի մի մարդ առավ սպանեց և մի նոր թեև սրբացուցած հանցանք էլ սա գործեց։ Ի՞նչ է այս հավասարության խորհուրդը։

Քրիստոնեությունը կործանեց և փշրեց այս վարդապետությունը, սերը դնելով ընկերական կյանքի, հիմքը և բարոյականության նշանաբանը։ Մարկոսը թող ներե Կիրակոսին, եթե նա սպանել է նորա որդին, որպեսզի Կիրակոսն էլ նորան ներե, եթե նա սպանե սորա որդին։ Բայց կարգ ու կանոն կմնա՞ մի ընկերության մեջ, եթե հանցանքը մնա անպատիժ. եթե բաց աչքով ներողության տրվի սպանությունը։ Զարմանք հանցանքի ընդդեմ պատիժ դնելով մի՞թե կարելի է հանցանքը սանձել։

Սպանության աղբյուրն ինչ է — ատելություն կամ հափշտակություն. ես-ին ոգի, որ ամեն ուրիշ զոհում է իր գոյության։ Մովսեսը թողնում