Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մանուշակը դողաց այս անունը լսելով. նա հառաջ կարմրեցավ, հետո գունաթափվեցավ ինչպես մարմարիոն։

— Մկրտիչը եկել էր,— շարունակեց յուր խոսքը մայրը,— որ շուտով հարս առնենք քեզ, զավա՜կս, իհարկե Աստված բարի պսակի արժանի առնե, բայց ես չգիտեմ, այժմ մեք պատրաստություն չունեինք, հայրդ մտածում էր, որ ամառը լինի այդ և ինձ ևս այդպես ասել էր, բայց Մկրտիչը շուտով կամենում է. այս շաբաթներս...

— Բայց եթե պատրաստություն չկա, մայրիկ, ի՞նչ կառնու նա պահանջելով. կարող է սպասել մինչև որ...

— Այդ տեսակ խոսակցություն քեզ չի վայելում, Մանուշակ. վայ գլխիս, ո՞վ էր տեսել, որ աղջիկը մոր հետ յուր հարսանիքի վերա խոսի, մեր տեսածը, եթե ծնողքը խոսում էին այդ մասին, աղջիկը լուռ և տրտում կնստեր, կամ, եթե կամենար առավել ցույց տալ ծնողքին յուր պարկեշտությունը և տխրությունը նորանցից բաժանվելու համար, լաց կլիներ. լավ որ մի օտար մարդ չկա, եթե ոչ, խայտառակ կլինեինք քաղաքի մեջ, թե Թյությունճի-Օղլուի Մանուշակը յուր հարսանիքի վերա դատողություն է առնում մոր հետ: Այդ լավ չէ՜, զավա՜կս, քեզ ի՞նչ փույթ մտածել, մեք ամենայն բան կհոգանք, հայրդ կգա, նորա հետ կխոսենք, տեսանենք ի՞նչ կտա Աստված։

Մանուշակը կարմրեց և սրտիցը ծածուկ բարկացած մտածում էր, և որպես թե առանց ձայնի և խոսքերի պատասխանում էր մորը, եթե առաջվա աղջիկները ոչինչ չէին խոսում, այն էր պատճառը, որ ծնողքը կապում էին նոցա բերանը, ինչպես այս րոպեիս դու, մինչդեռ ոչինչ խոսած չէի. եթե լաց էին լինում, ոչ թե կամենում էին յուրյանց պարկեշտությունը ցույց տալ դորանով, այլ խեղճ ողորմելիքը լաց էին լինում յուրյանց անբախտ գլուխը, ով դիտե, ինչ մարդու հետ էին ամուսնանում, չտեսած, չխոսած, չիմացած նորա բնավորությունը, վարքը, բարքը, մի խոսքով որպիսությունը, անունը միայն լսում էին և պսակված ժամանակները, դեռևս, մինչ Աստվածային տաճարի մեջ, այն ահարկու դատավորի առաջև, խոստանում էին հնազանդվիլ և հետևիլ, խաչը, ավետարանը, սարքերը, քահանայքը և ժողովուրդը վկա բռնելով յուրյանց ուխտին, այսուամենայնիվ չգիտեին, թե ովի՞ն էին տալիս այդ խոստմունքը, այստեղ ևս չէին տեսանում փեսայի երեսը, ոտքից մինչև գլուխ ծածկված լինելով քողով, գիտեին միայն, թե այն մարդուն է, որ քահանան մի փոքր հառաջ բռնել էր աղջկա ձեռքը և Առեալ զձեռն Եւայի ասելով, տվել էր մի մարդու ձեռք։

— Բայց այդ ի՞նչ պսակ է,— շարունակում էր նա յուր մտքիցը,— որ երկու կողմից հավանություն չկա, այդ ի՞նչ երդում է, որ սիրտը չէ