Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բռնում է մաղը յուր սարքովը հիվանդի գլխի վերա, իսկ մի այլ կին բռնում է մաղի մեջ մի ջրով լիքը պնակ։ Թեթև թափողը լցնում է հալած արճիճը պնակով ջրի մեջ։ Իսկույն երբ ավարտված էր այս, հանում է ջրից սառած արճիճը, և նորա զանազան կերպարանք ստանալուցը մեկնում է հիվանդի ցավերի պատճառը. թե ի՞նչ կերպով կամ ո՞ւր հանդիպել է հիվանդը այդ ցավին: Ավարտելով այս զննողությունը, վերստին հալեցնում է արճիճը և նույն բանը կատարում է հիվանդի կուրծքի վերա, հետո ծնկների վերա, հետո ոտքերի վերա և այլն։ Երբ բոլորը ավարտած էր, տալիս է հիվանդին մաղի միջի փոքրիկ հայելին, որ հիվանդը նայի նորա մեջ. այստեղ մաղի մեջ գտանված սանրով, սանրում են հիվանդի գլուխը և մկրատովը կտրում են մազերից, որ ձգում են մաղի մեջ։ Սորանից հետո հիվանդի հանդերձի կոտորի մեջ լցնում է միրգերը և դրոշակները և քսում է հիվանդի վերա, գլխից բռնած մինչև ոտքը. այստեղ հիվանդին ասում են, որ երեք անդամ թքանե այն կապոցի մեջ։ Մոռացանք վերևումը հիշել, որ այս բոլոր արարողության ժամանակ, մաղի երկու կողմումը վառվում էին այն երկու բարակ մոմեղենքը. և գործողությունը ավարտված, մաղը յուր սարքովը և վառած մոմերովը դնում են տան շեմքի վերա, և առաջարկում են հիվանդին, երեք անգամ անցանել նորա վերայով. սորանից հետո արդեն առնում են նորա մրգերը և առհասարակ այն բաները, որ պիտի ձգվեին: Թեթև թափողը բոլորովին ավարտելով յուր գործը, երեք անգամ պտուտում է հիվանդի գլխին կապոցը, և դնում է ձգել ճարը նշանակված տեղում։ Թեթև թափողի արդյունքն է ճրագը, վրձինը, մկրատը, հայելին մնում են դարձյալ տանը. իսկ մյուս բաները բոլորը փաթաթվում են կապոցի մեջ ձգվելու համար:

Թեթև թափողը, որ տանում է թեթևը ձգելու, ամենևին ետ նայելու չէ թեթևը ձգելուց հետո. առաջին այն պատճառով, որ հիվանդը չէր բժշկվելու, երկրորդը, որ թեթև թափողին մեծ վնաս կհառաջանար։ Թեթև թափողը, թեթևը ձգելուց հետո գալիս է հիվանդի տուն, նորան հարցանում են. «ի՞նչ բերեցիր», նա երեք անգամ ղենջակը թոթափելով հիվանդի վերա, պատասխանում է՝ ա՛ռողջություն. հետո ստանալով յուր վարձը, գնում է յուր բանին[1]։

  1. Թեթևի ուր ձգվելը կախված է նորա վախեցած տեղի նմանաթյան հետ։ Եթե հիվանդը վախեցել է ջրի մոտ, ապա ջրի մոտ պիտո է ձգել, եթե ձորի, ձորի մեջ։ Եթե վախեցած տեղը հայտնի է հիվանդի տերերին, ապա ուղղակի կձգեն այնտեղ, իսկ եթե չգիտեն, այն ժամանակ թեթևից հառաջ կկանչվի թուղթ նայողը, որի գործն է իմանալ և վճռել այս բանը, սահմանելով, թե ուր արժան էր ձգել թեթևը. և թե ո՛ւր էին բնակվում հիվանդին բռնող փերիները (այնտեղ կարծում են, թե մարդը հիվանդանում է, եթե փերիները բռնեն նորան), (Ծ. Հ.)։