Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոքր ինչ հառաջ վազել էր թշերի և քթի մեջտեղում, պատճառ, խարույկի լուսովը երևում էր փայլուն թաց գիծը, որ այս խեժային և մածուցիկ հյութը թողնում է յուր հետքից։

Բերանները մեծ, համարյա թե մինչև այնքան, ուր ծնոտը կապվում է զանգի հետ։ Շրթունքը բարակ, չոր, քարշված ինչպես թմբուկի կաշի և բոլորովին կապույտ, լերդագույն, երեքի բերանի մեջ ոչ մի ատամ չկար։ Երկայն և չոր քթերը, համարյա թե կցած էր կզակներին, ականջների վերա երևում էին օղեր, օձի զանգերից։ Հագուստները ևս, երկայն, յուղոտ։

Այս պառավներից մինի մեջքը կապած էր հարդից հյուսած գոտի։ Երևում էր, որ սա ամենից մեծն էր. պատճառ, մյուս երկուքի մեջն էր կանգնած և այն երկուքը երբեմն նայում էին պտուկին, որի մեջի հեղանյութը եփվում էր ահա, և երբեմն երրորդ պառավի երեսին, հասկանալ կամելով նորա միտքը նորա շեմքի շարժողութենից։

Նոցա ձեռքի թաթերը, չոր, ինչպես ոսկր, մատննրը և եղունգները երկայն, որոնց տակի կեղտը մի զզվելի կապույտ գույն էր տալիս երկայն ու կորացած եղունգներին, որ առավել նման էին գիշատող թռչունների մագիլների։

Մի մեծ սև կատու, անդադար մռմռալով, քծնում էր պառավների ոտքերին և աչքը չէր հեռացնում նույնպես պտուկից, որ համարյա թե կրակ էր դարձած, և որի միջի հեղանյութի եռալու ժամանակ երևում էին գնդակներ։

Այս գնդակների միջին էր ահա բոլոր վհկական արարողության խորհուրդը։ Գնդակները բաղկացած էին յոթն բլրի հողից և յոթն աղբյուրի ջրից․ թվով երեք հատ էին նոքա. որոնց մեջ ամփոփված էին թալիսմանական հրավիրանք։ Առաջին գնդակի մեջ դրած էր օդում բնակվող մեզիմեն աղեկներին հրավեր, երկրորդում՝ ցամաքում բնակվողներին, իսկ երրորդում՝ որոնք ծովերում էին բնակվում։

Հանկարծ կատուն մլավեց։

Պառավները սկսեցին շուրջանակի պտույտ գալ խարուկի չորս կողմով, կամաց, բայց զզվելի և դողդոջուն ձայնով երգելով.

Հասիք, հասիք, քուրիկներ.
Մեզ աշխարհի չորս կողմից.
Անտառներից, ձորերից,
Խոր ծովերի տակերից։

Դուք, որ օդումն եք լինում,
Կամ յոթն կարգ գետնի տակ,