Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
8. ԿՅԱՆՔԻ ԵՐԳԸ

Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին
Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին․
«Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին,
Ունայնություն մը կը պրկե կյանքը սին։

5 Ամեն ծաղիկ խամրում մ՚ունի իրեն մոտ,
Ու ամեն կյանք՝ մութ ստվեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ
Ամեն հույսեր դեռ չըծլած կ՚անհետին»։

Բույց մխացող խոհերուս մեջ ծիրանի
10 Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով,
Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի,
Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով։

«Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,—ըսավ,—
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան․
15 Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝
Զինք մոռցնող ժպիտները լուսացան։

Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին
Մերթ ամպերու գորշությունով կ՚աղարտի,
Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին,
20 Անձրևն,—այդ լաց,— սակայն երգն է ավարտի։

Ամեն անձրև արև մ՚ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ՚ հաջորդե ժպիտներուն երբեմնի»։

1903, Հունվար

— 20 —