Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը: Ենովք Արմեն թող ուզե կարդալ ու հասկնալ պզտիկ ար տագրումները զոր պիտի ընեմ «Կապույտ Հածումներ» խորագրով ոտանավորես. նախ ըսեմ թե կապույտ հածում ըսելով կը հասկնամ կապույտներու մեջ հածում ու հետո պետք է գիտնա թե այս պարագային հածումը կապույտե տարբեր չի կրնար ըլլալ, քանի որ օդը ինքնին կապույտ է: Իսկ եթե անբավական կը թվի իրեն այս բացատրությունը, ինչպես ըսի, թող ուզե հասկնալ հիշված ոտանավորին հետևյալ տողերը.

Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե՛ հեշտին համբույրն անույշ «լելակներուն»
Ու թևաբախ սուրա հոն ուր զույգ մը դաշտեր «բիլ» սմբոլի
Քեզ կըսպասեն՝…
Խորասուզի ծոպդ ոսկեզօծ՝ ծովածիծաղ ու թրթըռուն
Քընարին «բիլ» նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ.

Եվ որպեսղի չգայթի Ենովք Արմեն, հոս անմիջապես ըսել պետք սլիտի ըլլար, թե լելակը սովորական մանիշակագույնեն զատ կրնար ըլլալ նաև ճերմակ, կարմրորակ, կապտորակ։

Հոս տեղն է նկատելու որ եթե Ենովք Արմեն քիչ մը թափանցամիտ ըլլար ու պզտիկ հասկացողություն մը ունենար բանաստեղծության, փոխանակ կապույտ հածումին ծուղակը իյնալու, պիտի կրնար որոշակի դիտել թե այս ոտանավորը շատ ծանրաբեռնըված է և հորդառատ բառերով կը քողածածկե բնականին ու պարզին վճիտ զգացողությունը: Եվ այն ատեն մատնանիշ ըրած պիտի ըլլար իրական ու խոշոր թերություն մը՝ որ ընդհանրական է մեր բանաստեղծներուն համար: Բայց Ենովք Արմեն անտեղերը չէ: Հետաքրքրական ու հոգեբանական պիտի ըլլար եթե ուզեր ամբողջական գրախոսություն մը ընել «Ծիածան»ին վրա և այն ատեն անշուշտ դուրս կու գար բովանդակ խեղճությունը իր գրագետ հասկացողության և անգեղագետ մտքին: «Ծիածան»ը չնաշխարհիկ բան մը նկատելու չափ շլամիտ չեմ. ես իմ բոլոր գրախոսներես ավելի հստակորեն տեսնել կը կարծեմ անոր թերությունները, բայց թերությունները՝ որոնց հրապարակային մատնանշումին առիթը կ՚ունենամ հարկավ:

Տակավին պահեստի դիտողություն մըն ալ ունի Ենովք Արմեն. «Արևին» բանաստեղծության մեջ սա երկտողը կա.

Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
Մանուկներն ընդարմացած.

— 258 —