ԿԱԶՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ
Միսաք Մեծարենցը (1886—1908) ապրեց քսաներկու տարի, բայց ստեղծեց բանաստեղծական այնպիսի երկեր, որոնք բոլոր ժամանակների հայ քնարերգության գլուխգործոցներից են: Գրականության պատմաբանները վաղուց են արժեքավորել նրա ստեղծագործությունը, ցույց տվել մեր բանաստեղծությանը նրա մատուցած վիթխարի ծաոայությունները: Սակայն «հիվանդ, հանճարեղ պատանու» երկերի գիտական հրատարկությունը ցարդ չի իրականացվել: Նման հրատարակության անհրաժեշտությունը թելադրվում է հետևյալ նկատառումներով:
Հայտնի է, որ Մեծարենցը կազմել է «Բաբախումներ», «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները, որոնցից տպագրել է վերջին երկուսը: Նրա գրական ժաոանգության զգալի մասը՝ տաղեր, արձակ երկեր, նամակներ ու թարգմանություններ, մնացին կամ մամուլի էջերում, կամ անտիպ: Ճիշտ է, գրողի մահից հետո այս ու այն առիթով զանազան պարբերականներում լույս տեսան նրա առանձին ստեղծագործությունները, բայց երկար ժամանակ չձեռնարկվեց Մեծարենցի երկերի նոր հրատարակությունը: Առաջին այդպիսի փորձն արեց սփյուռքահայ բանասեր ու բանաստեղծ Թորոս Ազատյանը, որը մեծ երախտիք ունի Մեծարենցի ստեղծագործությունների հավաքման ու հետազոտման գործում: 1922-ին Կ. Պոլսում տպագրած «Միսաք Մեծարենց (Իր կյանքը)» ուսումնասիրության վերջում նա զետեղեց 11 քերթված, որոնք քաղված Էին ժամանակի պարբերական մամուլից և հրապարակվել Էին հեղինակի կենդանության օրոք, «Ծիածանից» ու «Նոր տաղերից» հետո: Մեծարենցի ետմահու անդրանիկ ժողովածուն ևս լույս տեսավ նրա աշխատակցությամբ՝ 1924-ին, Կ. Պոլսում, «Ծիածան, Նոր տաղեր, Քերթվածներ» խորագրով (վերահրապարակվեց 1954—ին Բեյրութում), որտեղ, բացի հայտնի երկու գրքույկներից, ամփոփվեցին նաև 15 նոր տաղեր: Հետագա տարիներին սրան հաջորդեցին դարձյալ ինը ժողովածուներ: