Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծարենցի հրատարակություններից առանձնանում է 1934-ի երևանյան «Երկերի լիակատար ժողովածուն»՝ Վահրամ Ալազանի և Վաղարշակ Նորենցի աշխատասիրությամբ: Կազմողները ոչ միայն պրպտել են պարբերական մամուլը, հավաքել գրական ժառանգության էջերը, այլև Թ․ Ազատյանի միջոցով ձեռք բերել հեղինակի մի քանի ինքնագրերը, Մեծարենցի ժամանակակիցներից հայթայթել կենսագրական ու բանասիրական անհրաժեշտ տվյալներ: Սիրով ու բանիմացությամբ կազմված այս ժողովածուն, որը 1956-ին վերահրատարակվեց «Երկերի ժողովածու» վերնագրով, և իր հերթին ընկած է 1959-ի ու 1969-ի վենետիկյան հրատարակությունների հիմքում, ցարդ եղածներից առավել ամբողջականն ու հաջողվածն է. ընդգրկում է գրողի երկերի ստվարագույն մասը, ունի ընդարձակ ծանոթագրություններ, որոնց մեջ ցույց են տրված նաև բնագրային տարբերությունները:

Սակայն շատ կողմերով օրինակելի այս հրատարակությունը չի կարող փոխարինել գիտականին, թեկուզ այն պատճառով, որ իրականացված լինելով ավելի քան քառասուն տարի առաջ, չի բավարարում բնագրագիտության արդի պահանջները: Մի կողմ թողած, որ դուրս են մնացել մի քանի չափածո ու արձակ բանաստեղծություններ, թարգմանություններ և բոլոր նամակները, այստեղ հաճախ է խախտված երկերի դասավորության ժամանակագրական կարգը, առանձին ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային բացատրությունները, հետգրությունները, տարբերակները ներմուծվել են ծանոթագրություններում, գրաբար բնաբաններն ու մեջբերումները տրված են աշխարհաբար ուղղագրությամբ, առկա են բնագրային էական սխալներ, բացթողումներ, ծանոթագրություններում շատ են թերություններն ու անճշտությունները:

Այս ամենն էլ ահա անհրաժեշտ են դարձնում Մեծարենցի երկերի նոր, գիտական հրատարակությունը: Նման ձեռնարկի իրականացմանը նպաստել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Մ. Մեծարենցի, Թ. Ազատյանի և Ե. Արմենի արխիվները) պահվող գրողի ինքնագրերը, հեղինակի կենդանության ժամանակ տպագրված ժողովածուներն ու երկերը, պարբերական մամուլում, այլևայլ հրատարակություններում ու արխիվներում եղած և բնագրագիտական-բանասիրական արժեք ներկայացնող նյութերը։

Ներկա ժողովածուն հրատարակվում է մեկ հատորով․ ունի բնագրերի, տարբերակների և այլ խմբագրումների ու ծանոթագրություն-

— 6 —