Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
18. ՏԱՊԻ ՆՈՊԱՆԵՐ

Զըրաշոգին գետին վրայեն ամպանըման կը բարձրանա.
Կը՝ փողփողին ւազվարթ գույներ ճամբան ի վեր Կապույտ֊Դարին.
Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.
Արեգակի բորբ ընձյուղներ կ՚այրեն ամեն իր անխընա։

5 Դարուղիեն կ՚անցնին դանդաղ ուղտերը գորշ կարավանին,
Թաթավելով իրենց հոգին հրրայրքին մեջ այս տոթական.
Երազանքնին կիսատ թողած, գինով գինով վարդերն ինկա՜ն,
Առանց սյուքի ու պլպուլի կը հեծե ցավն իր վարդենին։

Տիվագոլի երակներով բացավայրերն են բոցափայլ,
10 Ծաղիկներու հոգեվա՜րն է, ժամն արևոտ տաղտապանքին.
Բազմազեղուն բուրմունքներն են հեշտագրգիռ ու տապագին,
Մենաբաղձիկ անտառին մեջ ո՜չ հեծություն կա, ո՜չ դայլայլ։

Ժայռերն անփույթ դեռ կը տաքնան, հանդարտորեն, լուսափողփող,
Գիրկն անդորրին այս կիզանուտ և երազին տակ բոցավառ,
15 Հնձողներու ձեռքեն հոս հոն հանկարծ կ՚իյնա գերանդին վար,
Ամենուրեք կը խրլրտի նոպան տապին տախտապարող։

Ըսպասումն է հեղգ ու ջերմին, կ՚ուշանա դեռ հովն իրիկվան,
Որ զովացիկ, պիտի մեղմե տենդն անպարփակ այս թալուկին.
Ջերմակարոտ, փաղփուն օձեր լեռներեն վար կը սողոսկին,
20 Եվ՝ հըրաշունչ արբշիռ ու բոցերազ՝ մերթ կը հևան։

Դաշտերու մեջ ընկուզիներ կը քընանան հոս հոն ցանցիր,
Ո՜չ ճամբորդ կա, ո՛չ ալ թռչուն իրենց շուքին տակ ապաստան.
Հսկա խորխի պես կ՚երկարի, լայնատարած, մենիկ ճամբան՝
Ուր սըլացքի ու քայլերու հետին մրմու՜նջն իսկ չի հածիր։

— 50 —