դրությունը հեռավոր ու տառապող հայկական գավառների վրա կենտրոնացնել, գործնական հողի վրա գնել նրանց ազգային մտահոգությունները, ուղղել դեպի երկիր. մյուս կողմից՝ այդ իշխանությունները, երեսփոխանական սին շահագրգռություններրի ու առօրյա բանավեճերի հոսքից քշված, սահմանադրության տառին կպած՝ չկարողացան հասկանալ Հայրիկի մեծ հոգին, որ տրոփում էր երկրի ու ազգի ցավերով։ Նրանք գոհ չէին Խրիմյանից, որովհետև, Հակոբ Պարոնյանի դիպուկ բնութագրությամբ (որ ճիշտ էր հասկացել Խրիմյանին), Հայրիկը չօգտագործեց Սահմանադրության կետերը, ստորակետերը և բութերը։
Հայրենախոս Խրիմյանի այս գործելակերպը և գաղափարական նկրտումները, սկսած դեռ Վարագա վանքի ժառանգավորաց վարժարանի ու «Արծուի Վասպուրական» հանդեսի հիմնադրումից, հող նախապատրաստեցին հասարակական-գրական այն շարժման համար, որ 90-ական թվականներին հայտնի դարձավ «գավառական գրականություն» հորջորջումով և փոքր-ինչ ավելի ուշ ձևավորվեց իբրև գրական հոսանք։ Շարժումն հաստատում էր այն ճշմարտությունը, որ ազգային մշակույթի ու գրականության կենսատու և հուսալի հենարանը մայր երկիրն է, ուր վաղնջական ժամանակներից ապրել է ժողովուրդը՝ իր կենցաղով, ընկերային—տնտեսական հարաբերություններով, ըստեղծել իր նյութական ու հոգևոր արժեքները, ուր ձևավորվել է տոհմային ոգին ու բնավորությունը։ Ի հակակշիռ գաղթավայրերում բարգավաճող գրականության, այն պետք է արտացոլի բուն երկրի կյանքը, ժղովրդի հոգսերը, կենցաղը, երազանքները, հայրենի բնությունը՝ հարազատ գույներով։ Անցյալ դարի երկրորդ կեսին սրանք հրատապ խնդիրներ էին և ունեին քաղաքական բովանդակություն։ Ահա ինչ է գրում Հ. Օշականը Խրիմյանի մասին. «Թե իր աշակերտ Սրվանձտյանցով, իրեն գործակից, իր իտեալին հավատարիմ արվեստագետներու որոշ խումբի մը կողմե հրապարակ նետված գավառական գրականություն վարդապետության իբր թելադրիչ, այս մարդը ծառայում է հայոց գրականության՝ դարձյալ դուրս է տարակույսն» («Համապատկեր արևմտահայ գրականության», 1956, էջ 309)։
Բացի վերը հիշատակվածներիցս Խրիմյանը գրել է կրոնաիմաստաբանական երկեր («Վերջին շաբաթ և Խաչի ճառ», «Մարգարիտ Արքայութեան երկնից»), հրապարակախոսական—պատ—