հատում «Մխիթարյան գրավաստակ հայրերի» ծառայությունները։ Նա առանձնակի սիրով էր կապված իր «ծննդակից և սննդակից» Ղևոնդ Ալիշանի հետ, որի հիշատակին նվիրեց վերջին հոդվածներից մեկը։ Մխիթարյանների նման նախանձախնդիր հայ կյանքի, մշակույթի առաջընթացին՝ Խրիմյան Հայրիկը բոլորանվեր այրումով ծառայեց հայ դպրությանը, երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, և իրավացի էր Ֆալկետտին, երբ հաստատում էր՝ «Կրթության և զարգացման եռանդը, որ արդ կերևա Հայաստանի մեջ, հայք կը պարտին մեծ մասամբ եռանդուն առաքյալ, հայրենասեր և քաջ գրող Մ. Խրիմյանի»։
1907-ին վախճանվեց առաքյալը, և ժողովուրդն իրեն որբ զգաց։
Խրիմյան Հայրիկը իր ազգանպաստ գործունեության ձիգ ու քարքարոտ ճանապարհին առաջնորդվել է մի սևեռուն գաղափարով. ազատագրել Հայաստանը բռնատիրության ճիրաններից, աշխարհով մեկ սփռված հայերին հավաքել հայրենիքում, հոգեվոր ու նյութական բոլոր ուժերը կենտրոնացնել երկրում և ստեղծել այնպիսի պայմաններ, որ այլևս հայը չհեռանա իր դրախտանման ոստանից. նրան տանջում էր այն պարագան, որ գեղջուկը հարկադրված թողնում էր իր սրբազան հողը ու գնում բախտ որոնելու օտար երկինքների տակ։ Գաղթավայրը, որքան էլ բարգավաճ ու խոստումնալից, պանդուխտ հայի համար դրախտավայր չէր կարող լինել։
Ահա ինչու Հայրիկը ու ջանք չէր խնայում բուն երկրում գործագրելու Հայոց սահմանադրության ընձեռած թեկուզ նվազագույն բարենորոգումները՝ հասկանալով հանդերձ, որ Թուրքիայի ողորմածությամբ ընդունված սահմանադրական կանոնները հային լիարժեք ազատություն չեն ապահովում. գործնական քայլերի էր դիմում՝ Արևմտյան Հայաստանում դպրոցներ, մամուլ հիմնելու, իսկ պատրիարքության տարիներին՝ լծվելու բնաշխարհի բազում խնդիրների լուծմանն ու գավառահայության հոգսերի դարմանմանը։ Ելակետը բուն հայրենիքն էր, երկիրը։ Գաղթավայրերի խնդիրը ածանցյալ էր։ Եվ պատահական չէր, որ Պոլսո (արևմտահայության) պատրիարքության գահին նա ընդամենը չորս տարի մնաց, որովհետև ի զորու չեղավ Պոլսում ծվարած ազգային-սահմանադրական իշխանությունների ուշա-