Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըսպանեցին այդ անմեղ անձն, Մահտեսի Ագրիպպաս։ Էն ժամանակ Հայրիկն Մշոյ Ս. Կարապետի վանքն գնացած էր. Վարագայ դպրոցի ուսուցիչ Մանուէլ վարժապետ մի ողբերգութիւն դրեց այդ անզուգական բարեկամին մահուան վերայ, որ մինչեւ ցայսօր Վանայ երգեցիկ մանուկներ խիստ սրտառուչ եղանակով կերգեն։ Հայրիկն էլ մի ողբերգութիւն գրած է վաղուց իւր մտերիմ բարեկամին վերայ, եւ ես բերան արած եմ այդ սրտառուչ ողբերգութիւն, խօսիմ քեզ։

     Անցել էր առաւօտ, կէս օր,
Մօտ էր վերջինք իրիկուն.
Ես ի՞նչ գիտէի թէ այն օր
Իմ վերջին օրն էր։
     Պառաւներուն կախարդ ագռաւ
Տանիքէն կանչեց կա՛ռ, կա՛ռ,
Հասկցայ ես իւր լեզուն,
Կասէր կա՛ց, կա՛ց, մի՛ գնար։
     Ասի ես չեմ հաւատար
Խաբեբայ այդ չար գուշակին,
Որ խաբեց մեր Նոյ նահապետ,
Գնաց էլ չի դարձաւ ետ։
     Տանէն հեծայ ես իմ ձին,
Ձին էնպէ՜ս նայեց ինձ ողորմ,
Ասի քալէ՛, քալէ՛, իմ ճերմակ.
Ճակատագիր է մարդոյն։
     Եկայ մտայ ես ի դաշտն Արտազու,
Դաշտէն առի ո՛հ, արեան հոտ.
Զարզանդ եկաւ վերէս,
Զիս առեց ահ ու դող։
     Մեր արել ժողվեց իւր լոյս,
Գնաց մտաւ անուշ քուն.
Սար ու ձոր մթնեց վերէս,
Զիս պատեց գիշերն աղջամուղջ։
     Դեռ նոր նորեր էր լուսնակ,
Կապեր էր ոսկեշար մանէակ,
Եղջերիկներէն կախուած էին
Ցոլ աստղունք հազար-հազար։
     Ասի թէ կրճատ լուսնիկով