երկերը գրված են հայ ժողովրդի երկու հատվածին հավասարապես հասկանալի ու մոտ լեզվով։
1907 թ. նոյեմբերի 15-ին «Մերքյուր դը Ֆրանսի» մեջ տպագրված մահախոսականում Արշակ Չոպանյանը գրում էր, «Խրիմյանի կյանքն ու տիպարը ստվար հատորի մը նյութ կրնան կազմել, և այդ հատորը օր մը պիտի գրվի անշուշտ և պիտի ամփոփե ամենայն մանրամասնությամբ՝ այդ եզական դեմքին բոլոր գծերը,— և թերություններն ալ։ Այս հոդվածով մենք նպատակ ունեինք հարգանքի և երախտագիտության պարտք մը կատարել այդ մեծ Հայուն հանդեպ»։
Ընթերցողն սպասում է այդ մենագրությանը, ինչպես և Խրիմյան Հայրիկի երկերի գիտական հրատարակությանը։ Ներկա հատորը երկարամյա լռությունից հետո առաջին փորձն է հայրենի ընթերցողին ներկայացնելու մեծ նվիրյալի գրական ժառանցությունը։
Հատորում զետեղված երկերը քաղել ենք «Հայ կրթական հիմնարկություն» հրատարակչության՝ 1929 թ. Նյու Յորքում լույս ընծայած «Ամբողջական երկեր Խրիմեան Հայրիկի» միհատորյակից։ Կատարված են որոշ սրբագրական ուղղումներ ու ճշգրտումներ: Խուսափել ենք նման կարգի արմատական շտկումներից։