Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոսելով մարդկային անհավասար կյանքի, աղաղակող ընկերային անարդարությունների մասին՝ Հայրիկը գրել է. «Երբ Ժողովուրդն ընդհանուր մեր ընկերական կյանքին մեջ այսչափ մեծամեծ պարտիքներ կը կատարեք զօր հանապազ չարաչար կը տքնի և քիրտն կը թափե մարդկային հառաջադիմության համար. ո՜հ քանի՞ դառն ու դժվար է որ յուր հառաջ բերած անբավ արդյունքեն խիստ նվազ ու հոռի մասն կը վայելե»։ Նա դիտում էր, որ մարդկային հասարակությունը ոչ բանական կառուցվածք ունի, որ «մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին»։ Ընկերային կյանքին վերաբերող նրա բազմաթիվ հետաքրքիր դիտողություններից հիշենք ևս մեկը, որով մերժում է սպասողական, համբերող, հայեցողական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմության ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն — գրում է նա և հորդորում ժողովրդին՝ «գիտցիր այսուհետև թե՝ դու ինքդ ես միայն քեզ օգնական» (ընդգծումը մերն է):

Առհասարակ Խրիմյան Հայրիկի համոզմամբ միամտություն է ուրիշների հետ հույսեր կապելը։ Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհք որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չէ պետք օտարին լաց,— ասում էր նա մի այլ առիթով,— բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե՛ Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան։ Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող հայրենիք չշինվիր»։ Նա անհրաժեշտ է համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում է չհուսահատվել, սպասելով, որ «օր մի ևս երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա մի ցողե, դու կտեսնես թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաշյուք։ Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»։

1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր։ Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը՝ նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյալ է տիրա-