1876֊ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», որ քնարերգություն է ամբողջովին՝ արյունով ու արցունքով գրված։ Պատկերելով աղետը, նա գիտակցում էր, որ բավական չէ «լալ միայն» հայրենի կորուստները, նահանջը, դժբախտությունները, որ անհրաժեշտ է գործնական միջոցների դիմել։ Գրքի հասույթը տրամադրվեց Վանի չքավոր մանուկներին։ Բայց այդ գիրքը նաև ոգեղեն արդյունք ունեցավ, նրա կորովի հեղինակը, ողբալով կորուստները, ջերմ ու մտերմիկ խոսքով մխիթարում, հուսադրում էր հայրենակիցներին, «Սակայն դուք մի վհատիք, Ավետարանի հարվածյալ որդիքներ, հույս առ ու քաջալերվե, ժողովուրդ Հայոց, երկհազար ամ է, որ միշտ ջախջախվիս ու չես մեռնիր—Պարսիկ, Հույն, Արաբացին և Առվկասեան բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիք, բայց դու անվկանդ անհուսահատ տոկացող ոգի մի ունիս, որով կապրիս ու կը մնաս մինչև ցայսօր»։ Իսկ նրա խոսքը հավատ ներշնչում էր։
Աղետն ավելի մեծացավ ու ծավալվեց, երբ ծագեց ռուս-թուրքական պատերազմը։ Խրիմյանը գրեց «Հայգոյժը», ողբաց «վայրագ խուժերուն ձեռքեն Հայոց անտեր ժողովուրդի» կրած տառապանքները։ «Մարախի ու թրթուռի նման թափեցան, հայոց գյուղեր ծածկեցին, մի խուն ժամանակի մեջ ամեն կանանչություն կերան ու չորցուցին»։ Այս երկուսը բավական եղան հեղինակին «ԺԹ դարի Խորենացի» հռչակելու համար։ Հայրիկը հրատարակեց նաև «Դրախտի ընտանիքը», «Պապիկ և Թոռնիկը» և այլն։ Թևավոր խոսքերով ու իմաստուն խորհուրդներով հարուստ նրա գրքերը մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին և խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա։
«Ողբով ու կոծով մեր կորսված դրախտը միթե կարո՞ղ եմք գտնել. թող մեր աչքը լա, մեր սիրտն զգա, բայց աշխատինք մտքով, աշխատինք ձեռքով, մեր կյանքն ու վիճակը գտնել և դորա միջոցն է միմիայն՝ ընտանիքը վերանորոգել»,— գրում էր նա «Դրախտի ընտանիքում»։ Սա էլ գրքի նպատակն էր, որ հեռու է «սուրբ ընտանիք» վերացական ըմբռնումից։ Մ. Խրիմյանի այս ծրագիրը ավելի հասկանալի կդառնա, եթե նկատի առնենք նրա համոզմունքը, թե «ներքին զեղծումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք»։