Jump to content

Էջ:Mshak, 1873, issue 10.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ բաժինը անդամները կարող են միանգամից բերել իւրեանց ընդունուելու ժամանակը, կամ մասը մասը. այս դէպքում ամենափոքր չափսը համարվում են ամսական, չորս ամսական և կէս տարեկան տուրքերը, որոնք հաշուով չը պէտք է լինեն ամսական 15 կոպեկից պակաս։

§ 3. Քանի որ մասնաբաժինները դեռ չեն հասել իւրեանց համար որոշած ամենաբարձր սահմանին, զուտ շահի այն մասը, որ նրանց է ընկնելու ընկերութեան գործադրութենից, չի տրվում անդամների ձեռքը, այլ աւելացվում է նոցա վերայ։ Իսկ երբ լրանում է ամբողջ բաժինը, շահի այդ մասը գնում է անդամի ձեռքը։

§ 4. Անդամներից ոչ ոք չի կարող ընկերութեան մէջ մի բաժնից աւելի ունենալ։

§ 5. Մասնաբաժնի որ և իցէ կերպով հեռացնելը, իբրև գրաւ կամ այլ տեսակ ուրիշին յանձնելը ստիպողական չէ ընկերութեան համար։ Որովհետև մասնաբաժինները ընկերութեան միւս ստացուածքի հետ միասին կազմում են ապահովութիւնք փոխատուների համար, ուստի և ազատ են ամէն արգելմունքից թէ արքունի և թէ մասնավոր։

բ) Պատրաստի գումարը.

§ 6. Պատրաստի գումարի նշանակութիւնն է.

ա) Զորացնել այդ ապահովութիւնը, որ ընկերութիւնը տալիս է իւր փոխատուներին,

բ) Մեծացնել ընկերութեան գործադրելի գումարը,

գ) Ծածկել պատահական կորուստները գործի տևողութեան ժամանակ։

§ 7. Պատրաստի գումարը կազմվում է ա) առաջին տարուայ գործադրութեան զուտ արդիւնքից, և բ) յաջորդ տարիքի զուտ արդիւնքի 10%-ից։

§ 8. Պատրաստ գումարի քառորդ մասը պէտք է անմատչելի լինի. մնացեալ երեք քառորդ ընկերութիւնը կարող է շահեցնել։

§ 9. Բոլոր պատրաստ գումարը պատկանում է ընկերութեանը և միայն ընկերութեան դադարման ժամանակը կարող է բաժանուել այն անդամների մէջ, որոնք մնացած կը լինեն մինչև այն ժամանակը։[1]

Ընկերութեան փոխառութիւնները.

§ 10. Ընկերութեան փոխառութիւնները լինում են 2 տեսակ. ժամանակաւոր, երբ ընկերութիւնը հարկաւոր է համարում լրացնել իւր գործադրելի դրամագլուխը, կողմնակի անձից գումար ընդունելով, և անժամանակ կամ պահպանողական գումարներ որոնք ընկերութիւնը պարտաւոր է յետ դարձնել իմաց տալուց յետոյ մի որոշեալ ժամանակ։

§ 11. Անժամանակ փոխ առած գումարի տոկոսները ընդհանուր ժողովը առաջուց որոշում է ամբողջ տարուայ համար, իսկ ժամանակաւոր փոխառութիւնների տոկոսիքը պայմանաւորվում են միշտ ընդհանուր ժողովի և փողատիրոջ փոխադարձ համաձայնութեամբ։

§ 12. Ընկերութեան վերառած պարտքերի և նորան յանձնած փողերի ընդհանուր գումարը ամենաշատը կարող է 5 անգամ աւելի լինել ընկերութեան ստացուածքից, որ համարվում է բաղկացած. ա) անդամների մասնաբաժիններից, որոնք յիրաւի պէտք է հաւաքուած լինեն ընկերութեան մէջ, և բ) պատրաստի դրամագլխից։ Այս կանոնը տեղիք չունի սկզբնական դրամագլուխ փող առնելու ժամանակ, երբ նոր է հիմնվում ընկերութիւնը։

§ 13. Պարտքերի և յանձնած գումարների իւր ժամանակին վճարելու համար ընկերութիւնը պատասխանատու է. առաջին՝ իւր տարեկան արդիւնքով, երկրորդ՝ պատրաստի դրամագլխով, երրորդ՝ անդամների մասնաբաժիններով, իսկ եթէ այդ բոլորը բաւական չէ բոլոր գոյքով անդամների, որոնք պատասխանատու են պարտատիրոջ առջև ընդհանուր երաշխաւորութեամբ։ Այդ միջոցին պակասնորդը հաւասարապէս բաժանվում է անդամների մէջ, իսկ եթէ պատահի, որ անդամներից ոմանք անկարող լինեն այդ վճարելու, այն ժամանակը պակասնորդի նոցա վերայ ընկած մասը դարձեալ հաւասարապէս բաժանվում է մնացեալ անդամների մէջ։[2]

Փոխատվութեան չափը և ժամանակամիջոցը.

§ 14. Փոխատվութիւնը լինում է միայն ընկերութեան անդամներին ձեռագրով։

Ծանօթ. Անգրագէտների ձեռագրերը պէտք է նոցա խնդիրքով ստորագրուին մի ուրիշի ձեռքով, այդ միջոցին պէտք է երկու վկայ էլ ստորագրուին։

§ 15 Իւրաքանչիւր անդամ կարող է փոխ ստանալ իւր մասնաբաժնին հաւասար գումար առանց երաշխաւորութեան։ Աւելի մեծ գումար ստանալու համար նա պէտք է ներկայացնէ ընկերութեան անդամներից այնքան երաշխաւոր, որքան անհրաժեշտ է կանոնադրութեանը նայելով։

§ 16. Ընկերությունը մի անգամից տալիս է մարդուն ոչ աւելի, քան թէ 100 ռուբլի։ Այդ գումարը կարող է տրուել մի անգամից, կամ մի քանի անգամով, այն պայմանով միայն, որ բոլորը միասին հաւաքուած փոխատվութեան ամենաբարձր սահմանիցը չ՚անցնի։

§ 17. Փոխատվութիւնը լինում է միայն 9 ամսով։

§ 18. Աւելորդ ժամանակ կարող է տրուել մի ամիս, միայն այդ պէտք է լինի երաշխաւորների համաձայնութեամբ կամ նոցա տեղը ուրիշներին կարգելով։

§ 19. Փոխ առած գումարները կարող են յետ դարձնել ժամանակից առաջ մասը մասը, առանց յետ ստանալու տոկոսիքը։ Իսկ եթէ այն լիովին յետ դարձնեն ժամանակից առաջ, յետ կ՚ստանան նոցա պատկանեալ տոկոսիքը միայն ամբողջ ամիսների համար, որոնք պակաս կը լինեն մինչև պարտքի ժամանակի լրանալը։

§ 20. Տոկոսը, որ անդամները վճարում են փոխ առած գումարների համար, առաջին երեք տարին որոշվում է 0%։ Այդ ժամանակից յետոյ ընդհանուր ժողովը կարող է փոխել տոկոսը։

§ 21. Տոկոսները թէ փոխ տալու և թէ նշանակած ժամանակ յետաձգելու միջոցին պահանջվում է ամէն ամսի համար ամբողջապէս։

Փոխ տուած գումարի ապահովութիւնը և նորա պահանջումը

§ 22. Երբ մի որ և իցե անդամի փոխ առած գումարը աւելի է, քան թէ նորա մասնաբաժինը, նա ներկայացնում է երաշխաւորներ համաձայն §§ 15 և 16։ Իւրաքանչյուր անդամին տրվում է իրաւունք երաշխաւոր լինել մի գումարի համար օր 100 ռուբլիից աւելի չէ. այդ միջոցին նա իրաւունք ունի այդ երաշխաւորութիւնը մի անգամից տալ մի անձնի կամ մասը մասը մի քանիսի համար, բայց այն պայմանով, որ բոլոր երաշխաւորութիւնները միասին աւելի չը լինի քան թէ այն գումարը, որի համար նա իրաւունք ունի պատասխանատու լինել։ Փոխ տալու ժամանակը երաշխաւորները տալիս են ձեռացագրեր, նշանակելով իւրեանց երաշխաւորութեան չափսը, անգրագէտ երաշխաւորների ձեռացագրերի տակ ստորագրում են նահանգական գլխաւորը՝ քաղ. օրինաց 1562 յօդուածի զօրութեամբ։

§ 23. Եթէ փոխ տուած գումարը չը վճարուի վերջին ժամանակամիջոցից մի շաբաթ անցնելուց յետոյ կառավարութիւնը բերում է ձեռագիրը, որով պահանջում են այն.

ա) Պարտապանի շարժական գոյքից.

բ) Շինութենից, որ վերջին աստիճանի անհրաժեշտ չէ (որպիսի են բաղանիքը, երկրորդ խրճիթը, դարմանի սենեակը և այլն).

գ) Անշարժ կալուածքից, եթէ նոցա տիրում է անդամը կատարեալ իրաւամբ.

դ) Նորան վճարելի փողերից։

§ 24. Պահանջողութիւնների այն մասերը, որոնք նախընթաց ձևով չեն ծածկվում, ընկնում են երաշխաւորների վերայ, այն չափով, որով իւրաքանչիւրը յանձն է առել երաշխաւորութիւնը, իսկ եթէ նոքա էլ չը կարողանան վճարել, փոքր առ փոքր ծախվում են նոցա գոյքը այն կարգով, որ ցոյց է տուած § 23։

Արդիւնքի բաժանումը.

§ 25 Տարուայ վերջին կառավարութիւնը կազմում է փոխատվութենից ստացած տոկոսիքի ընդհանուր գումարը, այդ գումարից դուրս են գալիս այն տոկոսիքը, որ ընկերութիւնը վճարում է պարտքեր և պահելու գումարներ առնելով, կառավարութեան ծախսը և պատահական կորուստները։ Մնացորդից վերցնում են մի տասներրորդ մասը պատրաստի գումարի համար, ինչպէս ասուած է § 7, սորանից յետոյ մնացած գումարը արդէն համարվում է զուտ արդիւնք։

§ 26. Զուտ արդիւնքը բաժանվում է անդամների մէջ նայելով թէ իւրաքանչիւր անդամի մասնաբաժնի որքան մասը գտնվում էր ընկերութեան գանձարանում նախընթաց տարուայ սկզբում. այդ միջոցի հաշվում են միայն ամբողջ ռուբլիքը։

§ 27. Եթէ մասնաբաժինը արդէն բոլորովին լրացած է կամ մի անգամի տուրքով և կամ փոքր առ փոքր աճելով, այն ժամանակ նորա տիրոջ հասանելիք շահը տրվում է ուղղակի նորա ձեռքը։

(Կը շարունակվի)

ՆԱՄԱԿ ՄԵԾ-ՇՈՒԼԱՒԷՐԻՑ


Մեծ Շուլաւէրը իւրեան հողի պտղաբերութեան հետ, ժողովրդի մեծ ջանքով հողի մշակութեան հետ՝ ունի և ամենազգալի մեծ պակասություն — ջուրը։ — Նորա գետակը առնում է իւր սկիզբը Լալուարի ստորոտի համեղ աղբիւրներից կամ մի և նոյն է ասել Օփրէթ և Չանախչի գիւղերի ձորերից[3] թէև Լալուարի ստորոտի առատաբուղխ աղբիւրներից յուսալի մեծ ջուր, բայց Լալուարը չէ բաւականացնում գետակին այդ աղբիւրներով, գետակը օգուտ է քաղում իւր ափերում բխղող Ղարա-սու (Սև ջուր) կոչուած աղբիւրներից, սկսած Ծերաք ասուած վրաց գիւղից մինչև Մեծ-Շուլաւէրի անտառները։ Այդ անտառները բաղկացած, կեչի, կաղնի, ընկուզենի, խնձորենի, տանձի և ուրիշ սորան նման պտղատու ծառերից, ծածկում է գետակը արեգակի ճառագայթներից և չէ փոխում ջուրը իւր առողջարար յատկութիւնը, այլ երբ փոքրանալով


ծովի ափին մի առանձնացած անկիւնում, ուր ոչ ոք վիրահատութիւն չէր անում նորա աշխատանքին, ոչ ոք չէր հրամայում նորան, թէ ի՛նչ պէտք է սովորեցներ նա և ոչ ոք չէր խանգարում նորան բացի ծովի մառախուղից, որ երբեմն ծածկում էր նորա աչքից ընդհանրապէս դժուար տեսանելի Մերկուռին։

Բազմամեայ փորձերից և մօտ երեսնամեայ աշխատութենից յետոյ, Կոպերնիկը համարեա վաթսուն տարեկան հասակում վերջացրեց իւր լատիներէն լեզուով աշխատութիւնը, բաղկացած վեց գրքից երկնային մարմինների շրջանառութեան վերա։ Թէպէտ 1530 թուին արդէն վերջացած էր նորա աշխատութիւնը, այնուամենայնիւ ծերունի գիտնականը դեռ ևս ուշացնում էր նրան աշխարհին ի լոյս ընծայելու, որովհետև այն միջոցին, երբ նա ամբողջ գիշերներ զմայլում էր աստեղազարդ երկնքով, Լուտերի վարդապետութեան հրդեհը տարածվում էր Գերմանիայում և արդէն ոտք էր կոխել Պրուսիայի երկիրը, այնպէս որ նա չէր կամենում իւր նոր ուսմամբ կրկին խռովել Հռօմէական եկեղեցու խաղաղութիւնը, քանդելով դարերով սրբազնացած գիտութեան հիմունքը։ Նա յայտնում էր իւր գիւտերը միայն մասնաւոր անձանց, այն ևս իւր բարեկամներին։ Սոցանից մինն էր և Կապուայի Կարդինալ Նիկողայոս Շեօնբերգը, որ մեծ աղանչանքով թոյլատվութիւն ստացաւ արտագրել նորա գրուածքը։ Վիտտենբերգի մաթեմաթիկայի պրոֆեսօր երիտասարդ Ռետիկոսը թողնելով իւր ամպիոնը, եկաւ Ֆրաուէնբերգ և երկու ամիս մնալուց յետոյ, առաջին անգամ հրապարակ հանեց այդ նոր ուսումը։ Այն ժամանակը Կոպերնիկը էլ արգելք չը տեսաւ թոյլ տալու իւր գրքի տպագրութիւնը Նիւրնբերգի գրավաճառներից մինին։ Մահուան անկողնում միայն նա արժանացաւ տեսնել իւր գրքի առաջին տպագրած թերթերը. նա ուրախացաւ, շօշափեց նրանց, բայց նորա ժամը լրացած էր արդէն։ 1543 թ. մայիսի 24-ին եօթանասնամեայ ծերունին յաւիտեան փակեց իւր աչքերը։ Նորա մարմինը թաղուեցաւ Ֆրաուէնբուրգի եկեղեցու սեղանի մօտ։ շ

Նորա բռնած ընթացքը յայտնի ցոյց է տալիս, թէ որքան զգոյշ վարուել գիտէր նա իւր ժամանակի հասարակութեան հետ։ Իւր գիրքը, տպագրելու ժամանակ, նուիրեց նա Պօղոս գ. Հռօմա պապին, ամէն տեղ նա աշխատում էր ցոյց տալ, որ երբէք անաստուածութիւն չէ տիեզերքի ստեղծագործութեան մէջ համակարգութիւն և ներդաշնակութիւն գտնելը, այլ ընդհակառակն աւելի պարզ հաստատում է Արարչի իմաստութիւնը. չը նայելով հաստատ համոզմունքին իւր յայտնած մտքերի մէջ, այնու ամենայնիւ նա կնքում էր նրանց ենթադրութիւնների անունով։ Ահա՛ դորանով է բացատրվում, թէ ինչո՞ւ այնքան երկար ժամանակ նորա գիրքը ազատ մնաց կաթօլիկ եկեղեցու ամէն յառաջադիմութեան արգելք դնող անէծքներից, որ ոչ միայն հալածանք չը վերկացրեց նորա վերա, այլ մինչև անգամ օգուտ քաղեց նորանից Գրիգոր ժգ. պապի տոմարը կազմելու ժամանակ 1582 թ.։ Միայն 17-որդ դարու սկզբներում, եզուիտութիւնը, որ իւր ծայրահեղ իշխանութեանն էր հասել, կոպերնիկեանն ուսումը ճանաչեց իբրև մի վտանգաւոր հարուած բոլոր հին նախապաշարմունքների դէմ և 1616 թուին կարդինալների ժողովը դասեց Կոպերնիկի գիրքը նոցա կարգում, որոնք իւրեանց յայտնած անմահ ճշմարտութիւնների համար պատիւ են ունեցել արգելուելու։ Բայց որովհետև այդ գրքի մէջ տէրութիւնների համար շատ օգտաւէտ մտքեր կային, ուստի և չորս տարուց յետոյ, թոյլ տրուեցաւ նորա կրկին տպագրութիւնը միայն «ճշմարտութիւն» և «փաստ» բառերը փոխարինուեցան «ենթադրութիւն» բառով։ Միայն 1821 թ. անսխալական Հռօմը յետ առավ իւր անէծքը։

Չը նայելով Հռօմայ գահի դատապարտութեանը Կոպերնիկի վարդապետութիւնը յառաջ գնաց իւր կարգով։ Երեք հարիւր տարուայ ընթացքում Յոհաննէս Կեպլերը, Գալիլեյը, Նիւտօնը, Հերշելը, և այլ յաջորդ գիտնականները նորանոր քննութիւններ անելով, աւելի կատարեալ գործիքներով, միաբերան հաստատեցին նորա դիտողութիւնները, իսկ այսօր նոքա դարձել են հասարակաց սեփականութիւն ամէնքի համար և կրկնվում են մեր տասնամեայ մանուկների բերանում։

Բայց միայն դորանով չի սահմանափակվում այն բազմափորձ մարդու գործունէութիւնը՝ նա օգտակար էր մարդկութեանը և իբրև բժիշկ, աստեղագիտական գործիքների հետ միասին չարուած էին նորա սենեակում և ամէն տեսակ դեղեր, որ նա ձրի բաժանում էր չքաւոր հիւանդներին։ Նա թողել է և մի նկարագրութիւն Պրուսիայի լատինական լեզուով։

Այդպիսի բազմակողմանի կեանքի վերջին րօպէները յիրաւի կարող էին քաղցրացած լինել այն զգացմունքով, որ նա իզուր չէր ապրել աշխարհիս երեսին։ Թո՛ղ Գերմանիան ու Լեհաստանը վիճեն նորա ծագման մասին, թո՛ղ Վարշաւում և Թորնում կանգնած արձանները հաստատեն նորա լեհացի կամ գերմանացի լինելը, իսկ մենք, ամբողջ մարդկութեան հետ միասին՝ պէտք է շնորհակալութիւն անենք այն մեծ, բայց համեստ մարդուն, որ առաջին անգամ ամենապայծառ գաղափարը տուեց տիեզերքի կազմակերպութեան վերայ, որովհետև ամէն մի քայլը դէպի ճշմարտութիւն, է մի և նոյն ժամանակ մի քայլ դէպի ազատութիւն։

Ն. Լ.
  1. Աւելի լավ կը լինէր (ինչպէս և ընկերութիւններից շատերը արել են) դադարման ժամանակ նուիրել մնացող գումար բարեգործական նպատակին, ազգային լուսաւորութեան և այլն, որ մնացող գումարը գայթակղութեան առիթ չը դառնայ անդամների մէջ շուտով գործ դադարեցնելու, գումարը բաժանելու համար։
    Խմբ.
  2. Յիշում ենք ինչ որ վերևը ասացինք։
    Խմբ.
  3. Այդ գիւղերի մասին, ինչպէս խոստացել եմ, յետոյ կգրեմ։