Էջ:Mshak, 1873, issue 5.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանգստարան“ այդ տեղ գտնվում է և մի եկեղեցի։ Մի այլ եկեղեցի, որ գտնվում է համարեա քաղաքի կենդրոնում, մինչև այժմ էլ Հայերի մէջ կոչվում է „Վրացի Աստուածածին“, թէ և ժամասացութիւնը թէ այստեղ և թէ առաջինում ռուսերէն է լինում։ Վրացիքը միմեանց մէջ խօսում են իւրեանց մայրենի լեզուով։ Պարապում են ըստ մեծի մասին այգեգործութեամբ։ Աւելի բազմաթիւ են նոքա Ղզլարի շրջակայքում, այդպէս Սասօփլա (երևի սօփէլի-գիւղ-բառից է առաջացած) գիւղում մօտ վաթսուն տուն։ Ինչ է եղել դոցա գաղթականութեան պատճառը մի այնպիսի ժամանակ, երբ Վրաստանը ունէր քաղաքական կենդրոն, յայտնի չէ ինձ, բայց կարելի է կարծել, որ նոքա, ինչպէս և վրաստանցի Հայերը, գաղթել են այն ժամանակ, երբ Թիֆլիզը կամ այլ վրաց քաղաքները ենթարկվում էին Պարսից աւերմունքներին։

2 Լեկզիք։ Սոքա առաջին անգամ ոտք դրին Ղզլար Ռուսաց և Լեկզիների երկարատև պատերազմների ժամանակ։ 1831 թ․ նոյեմբերի 10-ին, երբ Ղզլարի անհոգ բնակիչները աղօթք էին անում եկեղեցում, և երկար խաղաղութեան ընտելացած լինելով, կամ բոլորովին անյայտացած էին պատերից, յանկարծ յարձակուեցան Լեկզիների մի մեծ խումբ Ղօզի Մօլլաի (Շամիլի նախորդի) առաջնորդութեամբ և մեծ արիւնհեղութիւն ու յափշտակութիւն գործեցին քաղաքի մէջ, մինչև որ բնակիչները կարողացան թափուել Ղզլարի հողապատ ամրոցը (Սանգար)։ Այդ ասպատակութիւնից յետոյ թէպէտ նոքա հեռացան, բայց ոչ բոլորովին, դեռ երկար տարիներ նոքա շրջում էին քաղաքում իբրև ամենահամարձակ աւազակներ։ Կար այնպիսի ժամանակ, երբ արևը մայր մտնելուց յետոյ այլևս անկարելի էր լինում փողոց դուրս գալ, առանց վտանգի ենթարկուելու։ Այգիների միչանցքներում ամէն մի խիտ ծառից արիւն էր կաթում։ Բայց վերջապէս նոքա էլ ճնշուեցին։ Արդէն 10—15 տարի է, որ անհետացել է նոցա կատաղութիւնը, և սկսուել է, կարելի է ասել, նոցա երրորդ շրջանը խաղաղ կենցաղավարութիւնը։ Նոքա կազմում են քաղաքի մի առանձին փոքրիկ արուարձանը և պարապում են գինագործութեամբ, դարբնութեամբ և այլն։ Ամառը, չը դիմանալով, իսկ աշնանը դարձեալ վերադառնում են։ Միմեանց մէջ խօսում են լեկզերէն, որ շատ կոշտ և կոկորդախօս հնչիւններ ունի, իսկ քաղաքի միւս բնակիչների հետ նոցա յարաբերութիւնը, թուրքերէն լեզուով է լինում։ Դաւանում են մահմետական կրօն։

3. Նողայներ։ Նողայի միջակ հասակը, դեղին գոյնը, երկարացրած աչքերը, տափակ և փոքր ինչ դէպի վերցցուած քիթը, լայն, տափակ, բոլորովին անմազ կամ շատ փոքրամազ երեսը յայտնի ցոյց են տալիս նոքա մոնղոլական ծագումը։ Սոքա բաւական բազմաթիւ են և այնքան մերձ յարաբերութիւններ ունեն քաղաքի միւս բնակիչների հետ, որ սոքա համարեա ամէնքն էլ քաջ ծանօթ են նողայերէն լեզուին մեծից մինչև փոքր։ Այս հանգամանքը շատ օտարոտի է երևում, եթէ աչքի առաջ ունենաք այն, որ Նողայները այս տեղի բնիկների մի այնպիսի ստորին դասն են կազմում, որ համարեա բոլորովին զուրկ է սեփականութիւնից, բացի մի աննշան և կեղտոտ թաղից, որ կոչվում է Եաման աւուլ (վատ թաղ), բայց նոցա այսպիսի մեծ ազդեցութիւնը բնիկների լեզուի վերայ բացատրվում է նորանով, որ նոքա կազմում են համարեա միակ ծառաները բոլոր քաղաքում․ 10—12 տարեկան հասակում երեխան բերվում է քաղաք տնային ծառայութիւն սովորելու։ Նա սկզբում ստանում է միայն իւր օրական հացը, իսկ այնուհետև տարեկան հինգ մանէթից սկսած տարէց աւելանում է նորա ռոճիկը։ Հասակաւորները պարապում են այգիներում մշակութիւն անելով։ Նոցա վարձատրութեան մասին ես խօսել եմ իմ առաջին նամակներում։ Թէ որքան նշանակութիւն ունի նոցա տնտեսական դրթութեան մէջ Ղզլարի այգեգործութիւնը, կարելի է տեսնել հետևեալ համեմատութիւնից, մշակը՝ որ տարուայ ամբողջ ձմեռնային կէսը տանը ծառայելով բաւականանում է 15 ռուբլիով չի համաձայնում ամբողջ տարին 60 րուբլիով ծառայել։ Այսքանս քաղաքաբնակ նողայների մասին․ դառնա՛նք այժմ դէպի դաշտաբնակները։

Դաշտաբնակ նողայները ներկայացնում են թափառական ժողովրդի մի կատարեալ տիպ։ Նոքա ունեն գիւղեր, որոնք կոչվում են Աւուլ, իսկ առաւել մեծերը—Իւրթ․ աւելի մեծ մասը թափառական կեանք են վարում։ Նոցա շարժական տները, որոնք ունեն բոլոր ձև գմբէթանման ծայրով և պատած են լինում թաղիքով կամ փսիատով (рогожа), կոչվում են օթով։ Երբեմն էլ պատահում են փոքրիկ և կոնուսաձև տներ, որոնք կոչվում են ղոշ։ Այդ շարժական տներով անընդհատ շրջում են նոքա Ղզլարի շրջակայքի ընդարձակ աւազադաշտերի վերայ արածելով իւրանց բազմաթիւ եզների, ձիերի և մանաւանդ ոչխարների հօտերը։ Երբ մի տեղի խոտը սպառվում է, նոքա բարձում են իւրեանց օթովները սայլերի վերայ և գնում են մի այլ տեղ։ Այն միջոցին, երբ տղամարդիքը պարապած են անասնապահութեամբ կանայքը իւրեանց կովերի և խաշների առատ կաթից շինում են իւղ, պանիր, մածուն և այլն։ Ամառները նոքա բերում են այդ քաղաք և վաճառում են փողոցից փողոց մանածելով։

Այս նկարագրութիւնից կարելի է արդէն գուշակել, որ նողայները կանգնած են զարգացման շատ ստոր աստիճանի վերայ։ Կրօնով մահմետական են նոքա։ Լեզուները թուրքերէն, փոքր ինչ աղաւաղած և փափուկ հնչիւնները աւելի կոշտացրած (գեալ-գէլ, գափու-գափ և այլն)։

Ես կը կամենայի մի քանի խօսք ասել և Ղզլարի շրջակայ միւս ազգերի մասին, բայց նամակս սաստիկ երկարանում է, ուստի միւս անգամ։

1873 թ․ յունվարի 21,

Մի Ղզլարեցի

P. S. Հեռագրական գծի թելը Վլադիկավկազից հասել է մինչև Ղզլար․ դեկտեմբերի 17-ից սկսուեց նորա գործադրութիւնը։

Այստեղ շատ բաւական թանգութիւն է, հացի գրվանքէն արժէ 5 կոպէկ, որ համարեա կրկնապատիկ աւելի թանգ է, քան թէ սովորական գինը։

Մ․ Ղ․

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ


Յունվարի 8-ին Մօսկվայի Օկրուժնոյ դատարանում քննվեցաւ Սերգէյ Նէչայեվի գործը և դատաստանը ճանաչելով նրան մեղաւոր ուսանող Իվանովի սպանելում, վճռեց զրկելով նրան իր բոլոր իրավունքներից, դատապարտել հանքերի ծանր աշխատանքին 20 տարով, և այնուհետև բնակեցնել Սիբիրում։

Նորին Բարձրութիւն Կովկասի փոխարքայն, յունվարի 9-ին հասաւ Ս․ Պետերբուրգ։

Իշխան Ղահրաման Արղութեանի կտակի մասին մենք լսեցինք հետևեալը։ Երևանի թեմական հոգևոր կօնսիստօրիայի հրամանաւ, Ալէքսանդրապօլցի արժ․ Յովսէփ աւագ քահանայ Կօստանեանցը մի խնդիրք է ներկայացրել տեղւոյս դատաստանական պալատին Սենատը (կասացիօննի սուդ) ուղարկելու։ Այդ խնդրքի մէջ հայոց հոգևոր կառավարութիւնը, իբրև երրորդ անձն, խնդրում է Սենատին պատուիրել պալատին վերաքննել գործը, որովհետև պալատի վճռով հոգևոր կառավարութեան և ազգային ուսումնարանի շահը ոտնակոխ է լինում։ Հանգուցեալի կտակակատարների փաստաբան պ․ Եագուլեանցը իր կողմից առանձին խնդիրք է ներկայացնում, որի մէջ հաստատում է, թէ պալատի վճիռը միանգամայն ապօրինի է, և խնդրում է Սենատին ոչնչացնել այդ վճիռը։

Մեզ հաղորդում են, թէ նաւթի գործը վերջացած լինելով, հերթ հասել է աղահանքերի ծախելուն։ Մեր անհոգութենից դէպի բաժանորդական (ակցիօնէր) ընկերութիւնները, երևի և այդ հարուստ հանքերը օտարների ձեռք կընկնեն։

Դարձեալ մի ապացոյց մեր անհոգութեան։ Լսում ենք, որ ջրանցք շինելու և գազի լուսաւորութիւնը մտցնելու համար կազմված մասնաժողովը վճռել է փակել իր նիստերը, որովհետև ընկերութեան հիմնադիրները հրաժարվել են իւրաքանչիւր 50 ռուբլի օժանդակութիւն տալ, սկզբնական հետազօտութիւններ անելու, որոց մասին մենք խօսած էինք „Մշակի“ № 2-ում։ Ասում են, որ եւրօպական բանկիրներ աշխատում են այդ գործի մասին։

Փետրվարի 1-ին, Թիֆլիսի մեծ թատրօնում հայ-դերասանական խումբը ներկայացրեց պ․ Սունդուկեանցի „Պէպօ“ պիէսան։

Մասնաւոր անձերից տեղեկանում ենք, որ անցեալ տարվայ համար Թիֆլիսի փոխադարձ կրէդիտի ընկերութիւնը դիվիդէնտ կը տայ իր անդամներին, մօտաւորապէս 14%։

Ահա 1 ներքին 5% (հինգ տոկոսաբեր) փոխառութեան յունվարի 2-ին արած տիրաժի հանգած սէրիաները՝

00,177 04,404 09,490 12,049 16,746
02,152 04,683 09,594 12,405 17,518
02,201 04,936 09,825 13,866 17,639
02,439 05,539 09,851 13,923 17,799
02,635 05,839 10,459 14,943 17,825
02,678 06,268 10,769 14,445 18,100
03,059 07,266 11,064 15,160 18,957
03,350 07,568 11,842 15,520 19,479
03,676 08,509 11,901 15,570 19,683
03,721 09,371 11,932 15,796 19,896

Մեզ գրում են Դարբանդից, որ յունվար ամսի 9-ին այդ քաղաքում հայերէն լեզվով ներկայացրին՝ „Դալալ Ղազօ“, „Գիշերուայ սաբրը խէր է“ և նմանապէս բժիշկ Յակոբ Գալստեանից թարգմանած „Ազ և ֆէրտը“։ Այս վերջինը, ոճի պարզութեամբ և նրբութեամբ աւելի դուր եկաւ հասարակութեանը։


ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ՖՐԱՆՍԻԱ


Նապօլէօն III -ի կայսերութեան արտաքին գործոց վերջին նախարար հէրցօգ-Գրամօնը, սրանից մին քանի շաբաթ առաջ, տուեց մի քանի բացատրութիւններ սեպտեմբերի 4-ի անցքերի առիթով կազմված առանձին „Քննողական մասնաժողովում“։ Այդ բացատրութիւնները բոլորովին հակառակ էր նախագահ պ․ Թիերի տուած ցուցմունքներին։ Նախ քան խօսել այն բանի վերայ թէ ինչ էր խօսել պ․ Թիերը, կամ ինչ պատասխանեց Գրամօնը, մենք յարմար ենք համարում տեղեկացնել մեր ընթերցողներին, որ այդ „Քննողական“ ասուած մասնաժողովը, կազմվեցաւ սրանից շատ առաջ, Ազգային Ժողովի կամքով՝ որտեղ մանրամասնօրէն քննում են, և տեղեկութիւն հաւաքում, Նապօլէօն III-ի։ Սէդանի մօտ գերի ընկնելու օրից սկսած, բոլոր դէպքերի մասին, որոնք պատահեցան Ֆրանսիայում։ Ինչպէս կայսերութիւնը ընկաւ, ի՞նչ յեղափոխական շարժմունքներից առաջացաւ այդ անկումը, ո՞վքեր կազմեցին ժամանակաւոր ազգային պաշտպանութեան կառավարութիւն, ի՞նչ չափով կարողացան իրագործել իրանց վերայ ասած լուծը, ո՞րքան բարեխիղճ էին իրանց գործակատարութեանց մէջ, թէ տնտեսական ծախսերի թէ պատերազմական շարժողութեանց, և թէ ամրոցների պաշտպանութեան և անձնատուր լինելու դէպքերում։ Այդ „Քննողական մասնաժողովում“ զանազան ցուցմունքներ են առնելու․ զանազան մարդկերանցից, որոնք մասնակից էին պատերազմի ժամանակ ազգի հասարակական գործքերում, ու ծանօթ են իրրերի վիճակին։ Վերջին ժամանակում, մասնաժողովի նախագահ գրաֆ-Դարիւն, հանրապետութեան նախագահ պ․ Թիերին էլ հրաւիրեց տեղեկութիւններ տալու։ Նախագահ Թիերը „Քննողական“ ժողովի մէջ խօսեց այն բանի վերայ, որ իրան շատ լաւ յայտնի է, թէ այն ժամանակ, երբ Նապօլէօն III-ը հրատարակեց պատերազմ Պրուսիային, ֆրանսիական կառավարութիւնը շատ լաւ գիտէր, որ Եւրօպայի մէջ՝ ոչ մի դաշնակից չէր կարող գտնի։ Նա իր խօսքերը հիմնում էր այն փաստի վերայ, թէ օգնութիւն կարելի էր սպասել միմիայն Աւստրիայից, որը դեռ ևս չէր մոռացել 1866 թուի Պրուսացոց հետ ունեցած պատերազմի դառը հետևանքները։ Պատերազմից մի փոքր առաջ, երբ կայսերութեան արտաքին գործոց նախարար հէրցօգ-Գրամօնը դեռ ևս այդ պաշտօնը չէր վարում, այլ նոր էր վերադարձել Աւստրիայից, որտեղ մինչև այդ օրը Ֆրանսիոյ դեսպան էր, և եկել էր որ նախարարութեան նոր պաշտօնը ընդունի։ Մի օր ինքը Թիերը խօսակցութիւն ունեցաւ այդ նոր նախարար հէրցօգ Գրամօնի հետ, թէ արդեօ՞ք, եթէ Ֆրանսիան պատերազմ հրատարակի, կարո՞ղ է յուսալ, որ Աւստրիան զէնքով օգնական կը լինի։ ՊԹիերի խօսքով, Գրամօնը պատասխանեց թէ՝ — Աւստրիացիք ամենևին չեն մտածում Պրուսացիներից վրէժ առնելու, նրանք ցանկանում են խաղաղ դրութեան մէջ մնալ, որ 1866 թուի պատերազմի անյաջողութիւններից առաջացած վէրքերը բժշկեն։ Նրանք առանց էն էլ շատ ցաւեր ունեն հոգալու։ „Ուրեմն, Ֆրանսիան Աւստրիայի հետ դաշնակցութեան յոյս չը պէ՞տք է ունենայ, հարցնում է Թիերը։ „Իհարկէ որ չը պէտք է ունենայ“ պատասխանում է Գրամօնը։ „Բայց պատերազմը առանց դաշնակցի ամենամեծ անբախտութիւն կարող է առաջացնի“ շարունակում է Թիէրը։ „Ոչ թէ անբախտութիւն, այլ բոլորովին կորստեան կը մատնէ“ վերջացնում է սորանով իր խօսակցութիւնը Գրամօնը։

ՊԹիերի „Քննողական մասնաժողովի“ մէջ տուած այդ ցուցմունքներից յետոյ հարցրին իրան պ․ Գրամօնին։ Գրամօնը ընդհակառակը բոլորովին ուրիշ բաներ ցոյց տուեց։ Նրա խօսքով Աւստրիան խօստացել էր դաշնակցութիւն, բայց վերջը իր խօստմունքից յետ կանգնեց, և բարձի թող արաւ Ֆրանսիային։ Այս բացատրութիւնը Գրամօնի կողմից, ամբողջ քաղաքական աշխարհում մեծ դղրդիւն հանեց։ Բոլոր լրագիրները տպեցին Գրամօնի ցուցմունքները, և պահանջեցին, որ նա իր խօսքերը հաստատի փաստերով։ Ո՞չ թէ միայն Ֆրանսիայի, այլ նոյնպէս ամենամեծ տպաւորութիւն արաւ այդ բանը Վէննայի և Բէրլինի մէջ։ Եւրօպայի բոլոր օրագրութիւնը միաբերան գալիս էին այն եզրակացութեան, թէ Գրամօնը անշուշտ պէտք է օրինաւոր փաստերով հաստատի, եթէ կամենում է, որ իր խօսքերը սուտ չը համարեն։ Գրամօնը առ ժամանակ լռեց, իսկ բոլոր քաղաքական թերթերի մէջ բացուեցաւ սաստիկ պօլէմիկայ, սկսեցին զանազան մեկնութիւններ տալ։ Ոմանք հաւանական էին համարում, իսկ մի քանիսները սուտ բոլորովին։ Վերջապէս, այդ պօլեմիկաի առիթով՝ Գրամօնը ուղղեց նամակ „Քննողական մասնաժողովի“ նախագահ գրաֆ-Դարիւին, որի մէջ սկսեց բացատրել իր ցուցմունքները։

Նօրա խօսքով, նա չէ կամենում պօլէմիկայ սկսել իր հակառակորդների հետ, նա միայն իրողութիւններ պէտք է յայտնի որ բանը պարզուի, որովհետև էդ բանը նրանից պահանջում են շատ ծանրաբարոյ և խոհեմ մարդիք, որոնք կամենում են էդ խճճուած գործքի մէջ մի ճշմարտութիւն գտնել։ Նա չէ ասել երբէք, ու հիմի էլ չէ ասում, որ Աւստրիան ցանկանում էր 1870 թուի պատերազմը, կամ դրդում էր սկսելու։ Ընդհակառակը, էդ պատերազմի հրատարակութեան լուրը շատ անախորժ ընծայ էր նրա համար։ Գրամօնը միշտ լուռ է կացել այն հարցի մասին՝ թէ ինչ յարաբերութիւնների մէջ էին գտնվում Ավստրիայի հետ մինչև պատերազմի սկսիլը․ նա էլի լուռ կը մնայ այդ մասին քանի որ քաղաքականութեան հարկը պահանջում է․․․ Բայց կրկնում է, որ Աւստրիան խօստացել էր իր մասնակցութիւնը 1870 թուի պատերազմի մէջ։ Էս իրողութիւն է, որ նա կարող է ապացուցել, թէ կուզ ինչ էլ որ ասի, կամ ուրիշներին ասել տայ պ․ Թիերը, 1870 թուին, յուլիսի 23-ին այսինքն, պատերազմը հրատարակելուց մի քանի օր յետոյ այցելութիւն է անում Գրամօնին Փարիզի մէջ գտնված Աւստրիացոց դեսպանը, և յանձնում է նրան իր կառավարութեան կողմից երկու ծանուցագիր, որ նրանց պատճէնը վերցնի։ Մի ծանուցագրի մէջը որը պէտք է հրատարակվէր 'ի լսողութիւն ամէնքին, գրած է եղել,— որ Աւստրիան պահպանում է չէզօքութիւն, բայց անպիսի չէզօքութիւն, որ նա ազատ է, հարկը պահանջած