Jump to content

Էջ:Mshak, 1873, issue 9.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
№ 9. Մարտի 8.
Մարտի 8․ № 9.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հոգևորականութիւն և ժողովուրդ։ — Ներքին տեսութիւն։ Փոխադարձ կրէդիտի ընկերութիւնը։ Նամակ Երևանից։ Նամակ Վաղարշաբատից։ Նամակ Հին-Նախիջևանից։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Կաթօլիկութիւնը Շվէյցարիայում։ Նամակ Կ. Պօլսից։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։


ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ


I

Հռօմէական պետութիւնը հնացած էր, նրա կրթութիւնը, հիմնված մենավաճառութեան և արտօնութեան սկզբի վրա, օրհասականին էր հասած։ Հռօմէական կրթութիւնը, որի ազդեցութեանը ենթարկված էր ամբողջ աշխարհը՝ հիմնվում էր անհաւասարութեան, ստրկութեան, ազնուականների տիրապետութեան թէ պաշտոնական կեանքի թէ հողի սեփականութեան մէջ, կանանց մտաւոր և հասարակական ստրկութեան, անհատի բռնադատութեան,— մի խօսքով մի քանիսների արտօնութեան, իսկ մեծ մասի ստրկութեան սկիզբների վրա էր կայանում նրա ամբողջ պետական կազմակերպութիւնը։

II

Հասկանալի է, որ երբ յայտնվեցաւ քրիստոնէութեան պէս ազատամիտ, հաւասարութեան և մարդի անհատական իրաւունքների վրա հիմնած վարդապետութիւնը, որ աներկիւղ ասում էր թէ՝ վերջինները պիտի լինին առաջինները, թէ ամենից դժուար է մեծերին և հարուստներին Աստուծու արքայութիւնը ժառանգելու, թէ ամենքը, ինչպէս փոքրը այնպէս և մեծը հաւասար են միմեանց և ուրիշ տէր չունեն, բացի երկնային տիրոջից, որ ամենքի հայրն է — հասկանալի է, որ այդ տեսակ նոր հասարակական և յեղափոխական վարդապետութեան երևալուն պէս, հռօմէական աշխարհը անմարմին ուրուականի նման անհետացաւ։

III

Քրիստոնէութեան առաջին դարերում եկեղեցին հանդիսանում էր որպէս վերանորոգող, յեղափոխական, միշտ յառաջադէմ հիմնարկութիւն, իսկ հոգևորականները,— որպէս ժողովրդական պաշտօնեայք։ Նրանք աշխարհի փառքին չէին ձգտում, նրանք մի գաղափար ունէին, որին անդադար հետևում էին, նրանք չէին բռնադատում, ճնշում ու հարստահարում ժողովրդին՝ ամեն հոգևորականները ընտրվում էին ժողովրդից։ Հասկանալի է, որ նրանք պիտի սիրած և պատված լինէին ժողովրդից, հասկանալի է, որ ժողովրդական պիտի լինէին...

IV

Միջին դարերի սկզբներում հոգևորականներն էին որք վանքերի մէջ փակված, պարապում էին ժամանակակից գիտութեան զանազան ճիւղերով, թէ հին աշխարհից ժառանգած յունական և հռօմէական կրթութեան արդիւնքը, գրականութիւնը հետազօտելով, թէ բնութեան ոյժերը և երևոյթները գիտնական փորձերին ենթարկելով։ Ժամանակակից բժշկութիւնը իր սկզբները ստացաւ վանքերում։

V

Բայց փոքր առ փոքր եկեղեցու պաշտօնեաները մի կողմից շեղվելով բարոյապէս մաքուր քրիստոնէութենից, միւս կողմից էլ ժամանակակից լուսաւորութեան հոսանքից անդադար յետ մնալով,— այլ ևս չը կարողացան իրանց գոյութեամբ համապատասխանել ժողովրդի պահանջներին, այլ ևս չը կարողացան իրանց վրա ժողովրդական անունը կրել...

VI

Առաջին դարերի եպիսկոպոսները (ինչպէս և հայոց եկեղեցու մեջ)[1] բնութեանը համապատասխան ընտանեկան կեանք էին վարում,— նրանք պսակված էին։

Եկեղեցու ամեն յայտնութիւնը համարվում էր աստուածային շնորհ և ծախվել չէր կարող...

Եկաւ ժամանակ, երբ եկեղեցու պաշտօնեաները, քրիստոնէութեան պաշտպաններ լինելու տեղը, ոտնակոխ անելով քրիստոնէութեան սկզբները,— սկսեցին աշխարհային փառքերի, հարստութեան ու շռայլութեանը հետևել, վարել անբարոյական և բնութեան կանօններին դէմ կեանքը, նիւթական հարստութեան ծարաւ յագեցուցանելու համար, Աստուծու ամեն մի շնորհը փողով ծախել...

VII

Այդ ուղղութեան վերջին խօսքն էր այն լիրբ սկզբունքը, որ եզուիտների համար դրօշակ է դարձել, և որ քիչ շատ յայտնվում է բոլոր հոգևորականների մէջ, թէ՝ նպատակը արդարացնում է միջոցները... այսինքն նպատակին հասնելու համար, ներելի են ամեն տեսակ ամենաաններելի միջոցները։

Այդ է պատճառ, որ միջին դարերում, մինչև որ յայտնվեցաւ բողոքականութեան զօրեղ ընդիմադրութիւնը, կաթօլիկ եկեղեցու գոյութիւնը պահպանվում էր սրով, թոյնով, փողով, կաշառքով, սպանութիւններով, զանազան կանանց հովանաւորութեամբ, դաւաճանութիւններով, սիրականներով... մի խօսքով բոլորը ներելի էր, միայն որ նպատակը հասած լինէր...

VIII

Հասկանալի է որ այդ տեսակ բարոյական անկման դրութեան մէջ գտնվելով, կաթօլիկութիւնը չէր կարող երկար ժամանակ տիրել ամբողջ աշխարհի վրա և, վաղ թէ ուշ, պիտի յայտնվէր մի ուրիշ դաւանութիւն, բողոքականութիւնը, որ պիտի յեղափոխական դրօշակ բարձրացնէր կաթօլիկութեան հնացած և լրբացած հոգևորականութեան դէմ...

Կաթօլիկութեան անպիտանութիւնն էր, որ ծնեց բողոքականութիւնը։

IX

Այժմ նայենք մեր եկեղեցու վերա։ Մի՞թէ նա նոյն է որ Լուսաւորչի ժամանակն էր։ Մի՞թէ մեր այժմեան հոգևորականները նոյն խորին յարգանք և պատիւ ունեն ժողովրդի մէջ, ինչպէս հինգերորդ դարի հայ հոգևորականները, որք առաջնորդում էին իրանց հզօր ձեռքով ժողովրդական շարժմանը Զրադաշտի հետևողների դէմ... Մի՞թէ նրանք ժողովրդական են, ինչպէս առաջ...

X

Բնութեանը համեմատ ընտանեկան կեանքից հեռու, ժողովրդական փողերը վատնող, խռովութիւն գցող, ինտրիգաներ վարող, փառքի պատուանշաններին հետևող, անգործ, անշարժ, տգէտ, մոլեռանդ, ժամանակակից գիտութենից և ճշմարտութենից յետ մնացող, ժողովրդական կրթութիւնը խօսքով քարօզող, բայց գործող նրա զարգացմանը արգելող, ամեն նորութեան և լուսաւորութեան ընդիմադրող մարդիկ... Սրանք են ժողովրդական հոգևորականների մեծ մասը...

XI

Եւ զարմանալի չէ, որ քանի գնում է, հայոց եկեղեցու ծոցից, Սուրբ Լուսաւորչի ջանքերով մաքուր հիմնած, բայց մեր աբեղաներով և քահանաներով սկզբնական մաքրութեամբ չը պահպանված եկեղեցուց, անդադար անջատվում են և թշնամանում են մեր եղբայրները՝ մին բողոքական է դառնում, միւսը՝ կաթօլիկ։

Իսկ երկբպառակութիւն գցողը ո՞վ է....

XII

Մի տեղ այս ինչ մարդ կամենում է պսակվել մի աղջկայ հետ,— անկարելի է ասում է աբեղան կամ քահանան, դուք մօտիկ ազգականներ էք... տղէն հարուստ է լինում, տալիս է նրան 100, 200 ռուբլի և,— հոգևորականը կատարում է պսակը։ Միւս տեղ աղքատը այսքան ռուբլի է տալիս իրան պսակելու համար,— պահանջում են աւելի... նա չունի փող,— և ստիպված է լինում դիմել կաթօլիկ կամ բողոքական քահանային։ Մի ուրիշ տեղ այս ինչ հոգևորական իր տեղը ստացել է կաշառք տալով, և ինքն էլ կաշառքներ է ընդունում տեղերը ստորադրեալներին բաժանելու համար... և այլն։

XIII

Ժողովուրդը շատ է պատվում, նա պաշտում է եկեղեցին, այո՛ Լուսաւորչի եկեղեցին և ոչ թէ ձեզ, նրա անարժան պաշտօնեաներին... մտածեցեք և մի՛ հասցրէք մինչև ծայրը ժողովրդի համբերութիւնը։

Աստուած տայ որ ժողովուրդը այնքան զարգանայ, որ հասկանալով ձեր անիրաւութիւնները ու հարստահարութիւնները մեղադրի միայն ձեզ, պաշտօնեաներին, բայց ոչ թէ իսկոյն անջատվի, գնայ բողոքական կամ կաթօլիկ դառնայ, վրէժխնդիր լինելով ձեր ճնշող վարմունքից... որ լուսաւորվելով, սովորի զանազանել սկիզբը գործադրութենից, սովորի որոշել մեր եկեղեցու մաքուր հիմքը, հոգևորականների անմաքուր վարմունքից...

Այն ժամանակ զգոյշ լինէք... դուք կը կորցնէք ձեր ժողովրդականութիւնը։

Եւ այն ժամանակ ժողովուրդը զարգանալով և ոգով հայ մնալով, չի ընդունի բողոքականութիւն, կաթօլիկութիւն, կամ այլ կրօնք,— ոչ, նա կը հանդիսանայ պաշտպան Լուսաւորչի եկեղեցու մաքուր և սկզբնական գաղափարի, ընդէմ նրա անարժան ժամանակակից պաշտօնեաների...


ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ԹԻՖԼԻՍԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԷԴԻՏԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ


Անցեալ համարում մենք յիշեցինք, որ փետրվարի 25-ին, կիրակի օրը, գումարվեցաւ Թիֆլիսի փոխադարձ կրէդիտի ընկերութեան տարեկան ընդհանուր ժողովը։

Այդ օրը կարդացվեցաւ տարեկան հաշիւը, քննողական յանձնաժողովի (Րէվիզիօննայիա կօմմիսիա) զեկուցումն և ընկերութեան խորհուրդը մի առաջարկութիւն արաւ։ Հաշուից երևեցաւ, որ մինչև յունվ. 1–ը 1873 թուի ընկերութեան անդամ դրվել են 633 հոգի, որոց շրջական դրամագլուխ է՝ 348,920 ռուբլ. իսկ ապահովութեան դրամագլուխ 3,140,280 ռ։ Տարեկան ընդհանուր Բալանսը կազմում է 63,005,593 ռուբլի 50 կօպ.։ Գործունէութեան գլխաւոր ճիւղերը հետևեալներն են՝ Հասարակ ընթացող հաշվով (текущій счетъ) բանկի մէջ մտել է գումար՝ 1,380.862 ռ. 12 կ. որից հատուցած է 1,246,429 ռ. 12 կ։ Պայմանական ընթացող հաշվով՝ մտել է 3,254,352 ռ. 32 կ. իսկ հատուցած է 2,852,357 ռ. 98 կ.։ Առանց պայմանաժամի դրված գումար (բէզսրօչնի վկլադ) եղել է՝ 983,142 ռ. 19 կ., յետ դարձրած է 669,118 ռ. 60 կ.։ Պայմանաժամով դրած գումար՝ 382,921 ռ. 88 կ., յետ դարձրած է 34,045 ռ. 87 կ.։ Առևտրական փոխանակագրերի զեղչումն 2,006,868 ռ. 19 կ. մուրհակների թիւը 1080, այդ գումարից 483 մուրհակի պարտապանները վճարել են 913,643 ռ. 5 կ.։ Միւսների ժամանակը դեռ հասած չէ։ Փոխանակագրերի զեղչումն ապահովութեամբ՝ 24 մուրհակ 89,923 ռ. 16 մուրհակից ստացուել է 65,720 ռ.։ Փող տուած գումարները տոկոսաբեր թղթերի գրաւականով՝ 1,040, 238 ռ. 50 կ. յետ առած է 682,185 ռ. 50 կ.։ Մասնաւոր ընթացող հաշվով տուած գումարները, ապահոված գին ունեցող

  1. Ինքը Լուսաւորիչը պսակված էր։