Էջ:Muratsan, vol. 3.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդը զարմանում էր և ոչնչով չէր կարողանում արդարացնել նրա վարմունքը։ Երկար մտածելուց ետ վերջը եկավ այն եզրակացության թե՝ երևի Թիֆլիսում, իբրև լուսավորված երկրում, այս տեսակ խոստովանություններ անելը ընդունված բան է։ Եվ, ահա՝ հենց այս առիթով, նա նորից հիշեց օրիորդ Աշխենին, հիշեց, որ ինքը այնքան ժամանակ նրա հետ մոտիկ, մտերիմ էր եղած, բայց երբեք նրա շրթունքների վրա մի անտեղի կամ անհամեստ ժպիտ չէր նշմարած, երբեք այդ շրթունքներից մի անզգույշ խոսք չէր լսած։ Հիշեց մի առ մի նրա կատարելությունները և համեմատեց նրան, այն գավառացի աղջկան՝ լուսավորված երկրում ապրող այս օրիորդի հետ... Աշխենը նրա աչքում երևաց իբրև մի հոյակապ հրաշակերտ, իսկ սա մի ողորմելի ոչնչություն, որի վրա մտածելն անգամ արժեք չուներ։ Այս էր պատճառը, երևի, որ երիտասարդը նորից հանեց սիրած աղջկա նամակը, երկրորդ անգամ կարդաց և շրթունքների վրա սեղմելով կրկին և կրկին անգամ համբուրեց...

Հենց այն միջոցին, որ Սայանի սենյակում օրիորդ Շուշանը յուր անհաջող սիրո խոստովանությունն էր անում, տիկին Մարթան յուր առանձնարանի թախտի վրա՝ ձեռքը մութաքին հենած՝ ձգված էր և զանազան ծրագիրներ էր կազմում յուր աղջկա ամուսնության գործը շտապեցնելու համար։ — «Երիտասարդներ են,— մտածում էր նա ինքն իրեն,— լավ չէ որ երկար ժամանակ սիրահարված մնան։ Ո՞վ գիտի, ի՞նչ կարող է պատահել, ժողովրդի խոսելու առիթ չդառնանք, թշնամիներին չուրախացնենք, կարող է պատահել, որ մինչև անգամ Վահանին մեր ձեռքից խլեն, մոցիքուլները ամեն տեղ մտնում, ամեն տեղից հոտ են առնում։ Ուրեմն, քանի տղան մեր ձեռքումն է, գլուխը կապենք, վերջացնենք...»։

Դարձյալ փակագծի մեջ պիտի ասեմ, որ տիկին Մարթան նույնպես համոզված էր, որ Վահանը յուր աղջկա սիրով այրվում, տոչորվում է։

Թիֆլիսում արդեն այն սովորությունը կա, որ թե մի պսակվող երիտասարդ (գլխավորապես գավառացի), անզգուշություն է ունենում մի որևէ հարսնացուի մասին մեկից մի տեղեկություն հարցնելու և այդ լուրը հասնում է աղջկա ծնողների