համար այս ժամին մտել ես իմ տունը: Եվ եթե մտել ես, ի՞նչ իրավունքով հայհոյում ես ինձ: Ես գիտեմ իմ կինը ու երեխաները. խո դու չես նրանց հաց ու ջուր տվողը…
—Դու հաց ու ջուր չես տալիս մեզ, անաստված,— ողորմելի ձայնով ընդհատեց նրան կինը,— քո տվածը թույն ու լեղի է…
—Ձայնդ կտրի՛ր,— գոռաց ամուսինը դեպի նա դառնալով:
—Քո ձայնն էլ աստված կտրի,— մրմնջաց կինը և լռեց:
Պառավը տեսնելով ոսկերիչի անողոք կատաղությունը, մոտեցավ կնոջը, բռնեց նրա ձեռքից, «վեր կաց, Մարիամ» ասաց նրան հրամայողական ձայնով, «վեր կաց, երեխաներիդ հավաքիր գնանք իմ տունը, այս գազանի մոտ մի մնաք»:
—Ախ, Խաթուն մայրիկ,— հեծծաց Մարիամը թույլ ձայնով,— դորանով խո ամեն բան չէ՞ վերջանում:
—Վեր կաց, ասում եմ քեզ,— կրկնեց պառավը:
—Վեր կաց, մայրիկ, վեր կաց գնանք Խաթունենց տուն. այստեղ վախենում ենք,— թախանձեցին երեխաները:
—Կորե՞ք այստեղից, — գոռաց հայրը, հրացայտ աչքերը երեխաների վերա սևեռելով: Երեխաները սարսափով ետ քաշվեցան, եւ նրանից յուրանքանչյուրը կծկվեցաւ մի անկյունում:
—Դու էլ վեր կաց գնա քո տունը, պառավ,— դարձավ նա դեպի Խաթունը,— իմ կինը քո կարեկցության պետք չունի, վեր կաց գնա:
—Վեր կենամ գնա՞մ,— հարցրավ պառավը բարկությունից դողացող ձայնով,— գնա՞մ, որ էլի գազանությունդ գործ դնես այս խեղճերի վերա: Չէ՛, դու այլևս արժանի չես այս երեխաներին ու այս կնոջը տեր լինելու, նրանց մենք կպահենք, դու բուի նման միայնակ պիտի մնաս այստեղ մինչև որ ինքդ քո գլուխդ ուտես:
Այս ասելով Խաթունը դարձավ դեպի Մարիամը.
—Այ կին, վեր կաց, ասում եմ, առ երեխաներդ, գնանք այստեղից: Ոչ ոք երկյուղից չշարժվեցավ: Տանուտերը սպառնալից