Նրա վրդովմունքի պատճառը ես չկարողացա հասկանալ, և այդ միջոցին հարմարություն չունենալով նրա հետ ավելի երկար խոսելու, կամ նրա սրտի մեջ թափանցելու, ցանկացա առանց մի առանձին նշանակություն տալու նրա ասածներին, վերջավորել մեր խոսակցությունը։ Այդպես էլ եղավ։ Մի քանի աննշան խոսակցություններից և կատակներից հետո մենք հրավիրվեցանք ճաշի։
Աղջկերանց ընկերությունը այս անգամ ուսումնասիրելու համար ինձ ոչինչ նյութ չտվավ։
Զ
ՊԱՏԵՐ-ՍԻՄՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Փորձված մարդիկներից շատերը մեծ նշանակություն են տալիս նախազգացմանը, խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին։ Ճշմարտությո՞ւն են դրանք, թե՞ նախապաշարման արգասիք, չգիտեմ. միայն ես առհասարակ շատ չեմ հավատացել նրան և այդ օրը նախազգացման նշանակությունը հերքող մի փորձ տեսի ինձ վերա։ Ինչպես գիտեք ես պարտեզի մեջ առաջին անգամ պատեր-Սիմոնին նշմարելով, նախազգամամբ մի ատելություն և հակակրություն զգացի դեպի նրան, և խոստովանում եմ, որ ինքս էլ մեծ նշանակություն տվի նույն րոպեին իմ մեջ ներշնչված այդ տրամադրությանը, բայց ընկերուհիներիս հետ տուն հասնելով իսկույն ևեթ փոխվեցավ իմ մեջ նրա մասին ունեցած գաղափարս։
Դահլիճի դռնից ներս մտա թե չէ, պատեր-Սիմոնը այնպիսի մի հանդիսավոր ընդունելություն արավ ինձ, որ կարծես դրանով պատրաստվում էր յուր տասնամյա պանդխտութենեն վերադարձած հարազատ որդուն գրկելու։
— Օ՜, իմ սիրելի բարեկամ, վերջապես ձեզ էլ տեսնում եմ այստեղ,— բացականչեց նա, — որքան գոհ եմ. և եթե գիտենայիք, թե երեկվանից դեսը որքան շատ ցանկացել եմ ձեզ հետ տեսնվելու..
Այս անսպաս մտերմական խոսքերով, (որոնց նպատակը ես չգիտեի) մոտեցավ ինձ պատվելին և ջերմ-ջերմ սեղմեց իմ