«Երեք տուն ժողավուրդ, մի հեռավոր անկյունում, մտածեցի ինքս ինձ, — և նրա համար տարվա մեջ չորս անգամ այցելություն: Ահա թե ո՞րտեղ պետք է որոնել կաթոլիկության ուժը: Երեք տուն բնակիչ, որոնք կարող էին շատանալ ամբողջ տարվա մեջ քահանայի մի շաբաթվա այցելությամբ միայն: Բայց նրանց ձեռքից չեն թողնում. նրանց այցելում են տարին չորս անգամ և այլ չորս երկար ամիսներ: Կաթոլիկ եկեղեցին հսկում է յուր ժողովրդի վերա և գիտե, թե ինչո՞ւ համար է հսկում: Իսկ մեզ մոտ շատ անգամ ամբողջ գյուղեր և ավաններ տարիներով առանց քահանայի են մնում: Շատ գաղթականությանց մեջ մեռելները թաղվում են առանց վերջին անգամ հոգեկան մխիթարություն ստանալու, ծնվածները տարիներով մնում են առանց մկրտության, պսակվողները թափառում են մի գյուղից մյուսը, մի քաղաքից երկրորդը: Ո՞վ է հարցնում, թե երեկ որքա՞ն ժողովուրդ կար այստեղ և այսօր որքան է մնացել. ո՞վ գիտե, թե ո՞ր անկյունում հարյուրավոր մարդիկ աղքատության երեսից փախչելով ուռկնավորների ցանցերումն են անհայտանում: Ո՞վ է հաշվում թե քանի՜—քանի՜ գերդաստաններ Պարսկատանի և Թուրքիո անծանոթ խորշերում բռնության երեսից սարսափահար իրենց լեզուն և կրոնը մոռանում են:
Եվ դեռ զարմանում ենք, որ այս աստիճան անխնամ թողնված մի ժողովրդի մեջ հավատորսը յուր ժողովարանն է հիմնում: Հռովմը յուր քավարանը...»:
Այս տխուր մտածմունքները ինձ այնպես էին զբաղեցրել, որ ես չէի տեսնել Մարգարիտայի կրկին մեզ մոտ գալը: Օր. Մարանջյանի ձայնը միայն ինձ սթափեցրեց, երբ նա ուրախ — ուրախ բացականչեց դեպի նրան.
— Հը՞, ի՞նչ արիր, տեղավորեցի՞ր պատեր-Սիմոնին:
— Այո՛, ես նրան հանձնեցի իմ հոր խնամակալության, — ժպտալով պատասխանեց Մարգարիտան և ապա մոտենալով ինձ հարցրեց, — դուք արդեն ամեն բան գիտեք այնպես չէ՞:
— Ի՞նչ բան, — զարմացմամբ հարցի ես, — չգիտեմ ի՞նչ բանի մասին է ձեր խոսքը:
— Այն, որ պատեր-Սիմոնը մեր քահանան է, — պատասխանեց օրիորդը շառագունելով: