չի պտրտիլ: Նա գիտե իմ բնությունս և կկարծե, որ ընթերցարանումն եմ:
Ես ոչինչ չպատասխանեցի, և մենք սկսանք մի քանի վայրկյան լուռ զբոսնել: Հետո նա ինքը լռությունը ընդհատեց հարցնելով.
— Դուք հիշո՞ւմ եք այս ավուր մեր խոսակցությունը:
— Այո՛, հիշում եմ, — պատասխանեցի, — ես հիշում եմ մինչև անգամ, թե ո՞ր տեղումը ընդհատվեցավ այդ խոսակցությունը:
— Այնտե՛ղ, որտեղ դուք սիրո և սրտի նվիրման վերա էիք խոսում, — հարցրեց Մարգարիտան ժպտալով:
— Եվ որտեղ դուք ձեր անվստահ նկատողություններով իմ հյուսերը փշրեցիք, — ավելացրի ես:
—Հյուսե՜ր, — զարմացման եղանակով բացականչեց Մարգարիտան,— ի՜նչ հույսեր ունեիք դուք:
— Օրիորդ, թո՛ւյլ տվեք ինձ անկեղծ լինել, թույլ տվեք որ ես կամ երազներից սթափվիմ և կամ իսկական երջանկությունը ճանաչեմ, տանջվում եմ...
— Ես ձեզ չեմ հասկանում, — երկյուղած ձայնով խոսաց Մարգարիտան, — դուք կարող եք անկեղծ լինել։
—Շնորհակալ եմ, օրիորդ, ուրեմն լսեցեք ինձ։ Այս երրորդ օրն է, ինչ որ ես այս քաղաքի մեջ եմ գտնվում․ և այն րոպեից ի վեր, երբ դուք նավահանգստում ձեր առաջին հայացքը ձգեցիք ինձ վերա, իմ միտքը էլ ուրիշ ոչնչով չէ զբաղվում․ ձեր այդ հայացքը ինձ հալածում է ամեն տեղ… Երեկ իսկ ձեր այգում դուք կրկնեցիք այդ հայացքը ձեր կենացի ժամանակ, և նույն րոպեին իմ ոսկորների մեջ սարսուռ ընկավ, երեկվանից սկսած անհանգստությունը ճնշում է իմ հոգին․ ես զգում եմ որ մի անսովոր կրակ այրվում է այստեղ, իմ կրծքի տակ… Ես մինչև այսօր չեմ սիրել, բայց զգում եմ որ սիրում եմ ձեզ, օրիորդ, դուք պետք է անողոք չլինեիք… Այս խոսքերը արտասանելու ժամանակ ես չգիտեմ ինչպես էր պատահել, որ նրա ձեռքը ես սեղմում էի իմինի մեջ․ բայց նա, որ մինչև այն համբերությամբ լսում էր իմ խոստովանությւոնը, հետ քաշեց յուր ձեռքը և մեղմով պատասխանեց․