Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգացմանց թարգման եք հանդիսանում, և ես չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ խորին և անկեղծ հարգանքը դեպի ձեզ: Այն մտքերը, որոնք ինձ զբաղեցրել են մինչև այսօր, ես ձեր մեջ իրացած եմ տեսնում. հենց այդ պաճառով էլ ես ինձ երջանիկ եմ զգում ձեր առաջ:

—Դուք համակրո՞ւմ եք իմ գաղափարներին, դուք ինձ չե՞ք խաբում, —— ոգևորված հարցրեց Մարգարիտան:

—Ես չեմ երդվում, օրիորդ, բայց խոսում եմ ազնվաբար և անկեղծությամբ. դուք մինչև անգամ կարող եք ինձ չհավատալ, բայց դա ինձ չի վշտացնիլ, դուք արդեն ինձ վարձատրել եք ձեր համոզմունքների անկեղծ արտահայտությամբ:

—Տվեք ինձ ձեր աջը, ես ձեզ հավատում եմ, — ասաց նա ոգևորությամբ և սեղմեց իմ ձեռքը ի նշան վստահության: Եվ ապա աթոռից բարձրանալով ավելացրեց.

—Այսուամենայնիվ, մենք կարող ենք մի փոքր ավելի օգուտ քաղել մեր հանդիպումից. գնանք շրջելու մյուս կողմերը:

—Դուք կամենում եք դահլիճը մտնել,—— հարցրի ես:

—Ոչ, դուրս գնանք այգին,— պատասխանեց նա, — և մենք կողմնակի սանդուղքներից իջնելով մտանք մի փոքրիկ ծառուղի, որը ընկած էր ծովափի երկարությամբ:

Լուսինը արդեն բարձրացել էր երկնակամարի վերա: Գիշերային մեղմ հովի առաջ հուշիկ շարժվում էին ծառերը և թփիկները և նրանց ոստերի գետնի վերա թողած ստվերները անընդհատ խաղում էին միմյանց հետ: Ծովը խաղաղ էր և նրա լայնատարած մակերևույթը այդ րոպեին մուգ արծաթի գույն էր առել լուսի առաջ: Փոքրիկ ալիքները մերթ ծփալով խաղում էին նրա երեսին և մերթ հովից մղվելով գալիս կոծում էին ափի ավազուտը:

—Այստեղ շատ գեղեցիկ է, մենք կարող ենք մի փոքր ազատ զբոսնել, — ասաց Մարգարիտան, մտնելով փոքրիկ ծառուղիի մեջ:

—Իսկ մայրդ անհանգիստ չի՞ լինի, օրիորդ, — հարցրի ես, — մենք նրան չհայտնեցինք ձեր այստեղ լինելը:

—Ավելորդ է, մինչև պարհադեսի վերջը նա ինձ