Երբ նամակաբերը դուրս գնաց, քույրս հարցրեց.
— Ո՞վ է գրել այդ նամակը։
— Օրիորդը, — պատասխանեցի ես միամտաբար:
—Մարգարիտա՞ն, — զարմացմամբ բացականչեց նա,— չեմ կարող հավատալ:
— Մի՞թե այդ հանցանք է նրա համար, — նկատեցի ես։
— Նա յուր մոր կողմից ինձ հրավիրում է, ի՞նչ զարմանալու բան կա այստեղ։
— Այսուամենայնիվ Մարգարիտան հեշտությամբ չէր ստորագրիլ այդ նամակին։ Պետք է մտածել ուրեմն որ նա չափազանց շատ է հարգում քեզ։
Ես հասկացա իմ քրոջ ակնարկությունը, բայց երկարելու ժամանակ չկար. ես պետք է շտապեի օրիորդի մոտ։
Մի քառորդ ժամից ետ կառքս դղրդալով կանգնեց Լուսինյանների տան առաջ։ Օրիորդը ինձ դիմավորեց սանդուղքի վերա և առաջնորդեց իրենց ընդունարանը։
Սա միջին մեծությամբ մի սենյակ էր, կահավորված թավիշեպատ դիվանով և բազկաթոռներով. նրանց մեջտեղում հարուստ սփռոցով ծածկված սեղանի վերա հանգչում էր մի ճենապակյա շքեղ կանթեղ. մի քանի գեղեցիկ նկարներ ոսկեզօծ շրջանակներով զարդարում էին սենյակի պատերը, իսկ այդ բոլորի վերա իշխում էր Պիոս 9-րդի մեծադիր պատկերը, որը դրված էր արծաթյա գեղաքանդակ շրջանակի մեջ։
— Իմ ծնողները տանը չեն այսօր,— սկսեց խոսել Մարգարիտան։ — Նրանք գնացին մեր այգին տեսնելու. այնտեղ մի ինչ-որ զանցառություն է գործվել մեր այգեպանի կողմից։ Ես չկամեցա նրանց ընկերանալ, որովհետև անպատճառ ուզում էի ձեզ տեսնել։ Ես գաղտնիքներ ունիմ ձեզ հայտնելու։
Այս ասելով Մարգարիտան նստեց դիվանի վերա և առաջարկեց ինձ ևս նստել յուր կողքին։
Ես հրաժարվեցի այդ պատվից և կամեցա նստել բազկաթոռի վերա, որովհետև գիտեի, թե որքան շատ է հարգում նա համեստությունը։
— Ոչ, այդ ես եմ խնդրում ձեզ,— նկատեց նա,— ես կամենում եմ, որ դուք այս անգամ ինձ մոտ նստեք։
Ես հնազանդվեցա: