Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այժմ լսեցեք իմ պատմությունը—ասաց նա և ըսկսավ կամացուկ ձայնով խոսել:

— Այսօր շատ առավոտանց մեր տան դուռը ծեծում են, ծնողներս դեռ քնած են, ես վաղ էի զարթել, ո՞վ պետք է լինի` մտածում եմ, և ահա Մարի՛ն, իմ աղախինը, մի նամակ է բերում ինձ։ «Սա պատեր Սիմոնիցն է, — ասում է նա, նամակ բերող ծառան պատվիրեց ինձ, որ անպատճառ աղային հանձնեմ»։ Հասցեն կարդում եմ—հորս վերան է։ Պետք էր ի՛հարկե հանձնել նրան։ Բայց Մարիի այն խոսքը թե` «ծառան պատվիրեց անպատճառ հորս ձեռքը հանձնել նամակը» ինձ կասկածի մեջ գցեց։ Երբեք ես այդ մարդուց բարիք չեմ սպասել, և հավատում էի, որ այդ նամակը չարիքից զատ ուրիշ ոչինչ չէ պարունակում յուր մեջ։ Տխուր նախազգացումը ինձ անհանգստացնում է, և ես բանում եմ այդ նամակը ահա՛ նա, կարդացեք։

Սիրելի որդյա՛կ, որքան էլ ես կամենայի չհեռացնել ձեր ընտանիքի վերայից իմ հսկողությունը, այսուամենայնիվ ես ամենայն տեղ նրան հետևել անկարող եմ, դուք էլ պետք է մասամբ օգնեք ինձ այդ գործում։ Դուք շատ լավ գիտեք թե ես որքան եմ հոգում մանավանդ ձեր միամոր դստեր, իմ սիրելի Մարգարիտայի մասին, գիտեք, թե ինչպես դողում եմ նրա պատվի և անվան համար։ Այսուամենայնիվ իմ Կլեմեսը (յուր սարկավագի անուն է) տեսել է, որ երեկ գիշեր նա զբոսնում է եղել քաղաքային այգվո մթին ծառուղիներից մինում ձեր նոր հերետիկոս բարեկամի— Արամ Բյուրատյանի հետ: Զգուշացե՛ք այդ երիտասարդից, աղաչում եմ, դուք կարող եք կորցնել ձեր աղջկանը։ Այդ երիտասարդը այն հերետիկոս վարժապետիրց ավելի վտանգավոր է երևում իմ աչքում զգուշացե՛ք։

Սուրբ Տիրամոր նվաստ ծառա
պատեր-Սիմոն

Երբ նամակը կարդացի մնացի շվարած։ Նամակագրի չարախոսության նպատակը ինձ համար հասկանալի էր։ Մարգարիտան սկսեց խոսել.