Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱյրույթի մի հնոց կամաց կամաց վառվում էր իմ սրտի մեջ. ես զգում էի, որ խոհեմությունը տեղի է տալիս կատաղությանը և վճռում էի հարձակվիլ նրա վերա և միանգամով փշրել նրա գլուխը իմ բռուցքների տակ:

Բայց պարոն Լուսինյանի բարկությունը մեղմեց իմ զայրույթը տեսնելով, որ պատերը ոչնչով չէ ուզում համոզվիլ նա բռնեց նրա ձեռքից և քաշելով դեպի սենյակի անկյունը, ասաց վճռողական ձայնով.

— Պատվելի, ես իմ փեսային խոսք եմ տվել. ես նրան հարգում եմ, իսկ իմ աղջիկը սիրում է նրան: Ես չեմ կարող դառնալ իմ խոսքից, ես չեմ կարող անպատվել իմ անունը: Եթե նույն ինքը սրբազան պապը հրամայի ինձ այդ անելու...

— Մոլորյալ,— ընդհատեց նրան պատվելին, — դու համարձակվում ես սրբազան պապի սուրբ անունը հիշելու այս հերետիկոսների ներկայությամբ...

Պ. Լուսինյանը երկու քայլ հետ կանգնեց. կատաղությունը մի րեպե սառեցավ նրա երակների մեջ և պատվասիրության զգացումը տիրապետեց նրա վրդովված հոգուն.

— Դուրս գնացեք այստեղից. պատեր, ես հայ եմ, և այստեղ իմ տանը հայ քահանա ունիմ. ես կարոտ չեմ ձեր ողորմածությանը:

Այս ասելով նա շուռ տվավ երեսը և մոտենալով ինձ, բռնեց իմ ձեռքից. — Գնաք սիրելիս,— ասաց, — մենք այստեղ քահանա ունինք:

Պատեր-Սիմոնը անլուր անեցքներ թափելով, կատաղությամբ դուրս գնաց սենյակից, իսկ մենք մտանք դահլիճը, հյուրերի մոտ:

Երաժշտության աղմկարար ձայնը օգնել էր մեզ. հյուրերից ոչ ոք չէր իմացել թե ինչ անցք է անցել դրացի սենյակում: