ԺԳ
Երբ ես մոտեցա Մարգարիտային, նա իսկույն նկատեց իմ վրդովմունքը և հարցրեց․
— Ի՞նչ է պատահել քեզ․ քո դեմքը բոլորովին այլայլված է։
— Ոչի՛նչ, — պատասխանեցի ես ժպտալով։
— Այդ անկարելի է․ «ոչինչը» չէր կարող քեզ վրդովեցնել, — նկատեց նա։
Ես աշխատեցի հանգիստ ձևանալ, ժպտալ, ծիծաղել, բայց այս բոլորը ավելի էին մատնում իմ ներքին խռովությունը: Վերջապես ես երկար չկարողացա նրա թախանձանաց դիմանալ և բոլոր տեսածս ու լսածս պատմեցի նրան:
Մարգարիտան մի քանի վայրկյան մտածմանց մեջ ընկավ: Կնճիռները ծածկեցին նրա խոպոպներով զարդարուն ճակատը. դեմքը մռայլվեցավ. նա էլ չէր ժպտում… Ես նայում էի նրա վերա:
Անցան մի քանի վայրկյաններ, և ահա կրկին նրա ճակատը պարզվեցավ և դեմքը նորեն ստացավ յուր ծիծաղկոտ պատկերը: Այդ րոպեին նրա գեղեցիկ գլուխը նմանում էր կանաչազարդ լեռան գագաթին, որին հանկարծ շրջապատում են սրաթույր ամպերը՝ սպառնալով ծածկել նրա հսկայական մարմինը արևի լուսավոր ճառագայթներից: Բայց Հյուսիսը շարժում է յուր թևերը, և կուտակված ամպերը հալածվում են մի ակնթարթում: Կրկին երևում է կանաչազարդ գագաթը շողերով լուսավորված և հպարտ նայում է իրեն շրջապատող ձորերի և բլրակների վերա:
— Մի՞թե դու տխրում ես այն բանի համար,— մեղմով ժպտալով հարցրեց նա:
—Եթե դու ուրախ ես, Մարգարիտա, ինձ ոչինչ չէ կարող տխրեցնել, — պատասխանեցի ես:
— Այո՛, ես այժմ ուրախ եմ. ինձ չէ վրդովում պատեր-Սիմոնի վարմունքը. ավելին նրանից սպասել անկարելի էր: Դու գիտես որ նրա համար անտանելի էր մինչև անգամ իմ քեզ հետ ման գալը ու՞ր մնաց, որ նա հանկարծ գալիս և տեսնում է՝ թե մենք արդեն նշանվում ենք: Այդ դիպվածում