Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն երբ քահանայի հրամանով նշանի մատանին հագցրի իմ հարսնացուհին և համբուրվեցա նրա հետ, իսկույն տխուր մտածմունքները տեղի տվին մի ներքին ուրախության, ես տեսա, որ ինձ հետ միասին զվարթացավ և Մարգարիտան: Մեր երկուսի այս հանկարծական փոփոխությունը նկատելի եղավ մինչև անգամ հյուրերին և զվարճասեր օրիորդները սկսան կատակներ անել մեզ հետ:

—Այդ համբույրի՞ համար էիք խռովել,— շշնջաց իմ և Մարգարիտայի ականջին օրիորդ Մարանջյանը:

— Այո՛, — պատասխանեցի ես. — մի՞թե գին ունի նա ձեր աչքում:

— Ձեզ համար էլ միշտ թանկագին չի մնալ. նա դեռ առաջինն է, մի փոքր համբերեցեք, — նկատեց նա ծիծաղելով:

Հետո Մարգարիտայի ծնողները մոտեցան և համբուրեցին մեզ երկուսիս. և ապա քույրս ու փեսաս:

Այնուհետև մյուս հրավիրյալները սկսան իրենց շնորհավորությունները, որոնց երկար ժամանակ մենք ստիպված էինք մեր շնորհակալությունները կրկնելու:

Մի քանի ժամ շարունակ ընթրիքի պարերի և ընդհանուր ուրախության նվիրելուց հետո հյուրերը ցրվեցան: Ամենից ուշ ես դուրս եկա մերոնց հետ: Երբ անցանք առաջին փողոցը, հայոց եկեղուցու զանգակները ղողանջում էին առավոտյան ժամերգությունը սկսելու համար: Եթե ես միայնակ լինեի այդ րոպեին ծնկի կգայի և կաղոթեի աստծուն այնքան ջերմեռանդությունս շարժված էր. կաղոթեի, որ նա պաշտպաներ ինձ և իմ հարսնացուին, որովհետև ես դեռ երկյուղ էի կրում չարության ոգիներից: Բայց ինձ հետ ուրիշներն էլ կային, և ես շատացա միայն մի քանի աղոթքներ մրմնջալով կառքի մեջ նստած: