Էջ:Muratsan, vol. 1.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԺԴ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Ես երբեք չէի կարողանում մոռանալ այն օրերը, որ մեր նշանադրությունից հետո ես անցուցանում էի Մարգարիտայի հետ: Իմ կյանքի խավար հորիզոնի վերա այդ սուղ օրերը մի-մի լուսավոր աստղեր էին: Երջանկությունը ես միայն նրանցով ճաշակեցի. երանությունը ես միայն նրանց մեջ ճանաչեցի:

Մեր նշանադրությունից հետո արդեն անցել էր երեք շաբաթ: Ես հաճախ այցելում էի Մարգարիտային. նա ինքը նույնիսկ գալիս էր մեր տուն: Եվ այսպես գրեթե մենք ամենայն օր միմյանց մոտ էինք գտնվում: Երբեմն ժամադիր լինելով գնում էինք քաղաքային և կամ իրենց այգին՝ մեր ընտանիքների հետ միասին: Այստեղ արդեն մենք բաժանվում էինք վերջիններից և զբոսնում միայնակ:

Շատ անգամ մեր մենավոր զբոսնաց ժամանակ մեզ ընկերակցում էին արծաթափայլ լուսինը՝ յուր դշխոյական նազելաճեմ ընթացքով, գիշերային մեղմ հովեր, որոնք ծառերի մեջ խաղալով ստեղծում էին մեզ համար մի սրազվարճ սոսկավյուն, հեզասահ առուներ, որոնք թփերի տակ հոսելով խառնում էին մեր սիրային զրույցների հետ իրենց ախորժալուր կարկաչն ու մրմունջը: Երբեմն էլ մենք նստում էինք ծովափի մոտ, և կամ նավահանգստի ժայռերի վերա, ուր փոքրիկ կոհակները անընդահատ մեկը մյուսի հետևից գալիս փշրվում էին մեր ոտքերի տակ:

Այդտեղ մենք երկար ժամերով խոսում էինք միմյանց հետ, խոսում էինք և չէինք կշտանում, մեր զրույցները անհատում, մեր մտքերը անսպառ էին: Գրեթե միշտ մեզ հետ միասին զբոսանքի եկողները մեզ թողնում հեռանում էին տուն, նրանք չէին ուզում մեզ խանգարել. շատ անգամ մենք վերադառնում էինք կես գիշերին:

Մարգարիտայի ծնողները այնքան վստահ էին նրա վերա և այնքան բարի դեպի իրենց դուստրը, որ չէին մերժում նրան այս տարաժամ զբոսանքները: